Ամբողջ աշխարհը հավաքված է Վաշինգտոնում , իսկ Ադրբեջանը Թուրքիայի օժանդակությամբ նման քայլերի է գնում. Դավիթ Բաբայան...
2016-04-02 00:18:00

Ադրբեջանի գործողությունները մարտահրավեր են` ուղղված միջազգային հանրությանը: 
Այս մասին «Արմենպրես»­-ի հետ զրույցում նշել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը: «Ադրբեջանն ահաբեկչական, ֆաշիստական աննորմալ պետություն է: 

Սա մարտահրավեր է ամբողջ քաղաքակիրթ մարդկությանը: Վաշինգտոնում ընթանում են բանակցություններ, ամբողջ աշխարհը հավաքված է այնտեղ, իսկ Ադրբեջանը Թուրքիայի օժանդակությամբ նման քայլերի է գնում:

Իհարկե, Ադրբեջանը մեր կողմից ստացել է համարժեք պատասխան, հսկայական զոհեր ունեն, հետ են շպրտվել, բայց ամեն դեպքում այսպիսի պահելաձևը պետք է համարժեք պատասխան ստանա միջազգային հանրության կողմից»,­-ասել է Դավիթ Բաբայանը:

Նրա խոսքով, Ադրբեջանի այս գործողությունները 1994 թվականից այս կողմ կարելի է համարել աննախադեպ: «ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հանդիպումից հետո Ադրբեջանը շնորհակալություն էր հայտնել միջնորդության համար:

Հիմա նույն Ադրբեջանը հարձակում է գործում: Մի բան ասում է, մեկ այլ բան անում:

Մենք ենք այստեղ քաղաքակիրթ աշխարհի պատիվը պահում:

Վերջապես պետք է միջազգային հանրության կողմից Ադրբեջանը կոշտ արձագանք ստանա նման պահվածքի համար:
Միանշնակ է, որ միջազգային հանրությունը պետք է գործնական քայլերի գնա»,-­ասել է Դավիթ Բաբայանը:

Արցախի նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ Ադրբեջանի կողմից կրակոցները շարունակվում են, խոցվել է ադրբեջանական ուղղաթիռ, նրանք ունեն մեծ կորուստներ, հայկական կողմից իրավիճակը վերահսկելի է:

Հայկական կողմում որևէ խուճապ չկա, Ադրբեջանի սահմանային հատվածում մեծ խուճապ է սկսվել: Շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ապրիլի 1­ի լույս 2­ ի գիշերը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ:

Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերի և մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին:
Այս նյութը դիտել են - 1693 անգամ