Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում զորահավաք է հայտարարված։
Ստեփանակերտի հրապարակում բազմաթիվ երիտասարդներ են հավաքված, ովքեր խումբ-խումբ ավտոբուսներով մեկնում են տարբեր պաշտպանական շրջաններ։
Ստեփանակերտի ողջ երթուղային ավտոբուսների պարկը այս պահին հրապարակում է, և հերթով մեկնում են դիրքեր։ Հիմնականում 20-22 տարեկան երիտասարդներ են, ովքեր մեկ-երկու տարի առաջ են ավարտել ծառայությունը։
Նրանց հետ են նաև նրանց ծնողները, հարազատները, ովքեր եկել են ճանապարհելու իրենց զավակներին։
Ինչպես հասկացանք զրույցներից, հայկական կողմը որոշ պաշտպանական շրջաններում ունի խնդիրներ, և հիմա հստակ առաջադրանք կա՝ վերականգնել լիակատար վերահսկողությունը որոշ շրջանների համապատասխան դիրքերում։ Երիտասարդներին ուղարկում են այն պաշտպանական շրջանները, որտեղ այս պահին առավել հրատապ լուծման ենթակա խնդիր ունենք։
Անկախ այն գիտակցումից, որ մարտի են գնում, ոչ թե խաղաղ պայմաններում ծառայելու, դիրքեր մեկնող երիտասարդներից ում հետո զրուցեցինք, բոլորն էլ վստահեցրին, որ «դուխները տեղն ա»։
Շատերը նույնիսկ կատակներ էին անում, բարձր տրամադրություն էին ապահովում ընդհանուր մթնոլորտում և խուճապի մեջ չէին։ Նկատենք, որ օրվա ընթացքում նաև զրահատեխնիկայի տեղաշարժ էր տեղի ունենում քաղաքում, իսկ դեպի պաշտպանական շրջաններ տանող ճանապարհներն էլ քաղաքացիական անձանց և ավտոմեքենաների համար փակ էր։
Նշենք, որ առավոտյան էլ ազատամարտիկներն էին հավաքվել հրապարակում՝ պատրաստ հրամանի, որ մեկնեն դիրքեր։
Նյութի աղբյուրը ` hraparak.am
Այս նյութը դիտել են - 1438 անգամ