ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում գլխի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումից ապրիլի 1-ին մահացած պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գեւորգ Ասոյանը Երեւանից էր, 19 տարեկան, ընտանիքի չորս երեխաներից՝ ավագը:
NEWS.am-ի հետ զրույցում Գեւորգի մորեղբայր Վահան Բենգլյանը պատմեց, որ քրոջորդին դեպքի գիշերն էր խոսել հոր հետ, ասել՝ իրավիճակը խաղաղ է, ծառայությունից գոհ է:
«Մի օր առաջ էլ իմ հետ էր խոսել, գոհ էր ծառայությունից: Ինքը վախեցող տղա չէր, տղամարդ-տղա բնավորություն ունեցող էր, իսկական հայ երեխա էր, որին կորցնել պետք չէր»,-ասաց Գեւորգի մորեղբայրը:
Գեւորգ Ասոյանի 19-ամյակը մարտի 23-ին էր լրացել:
«Զանգեցինք, շնորհավորեցինք, ուրախ էր: Մենք էստեղ ուրախանում էինք, որ ինքն էնտեղ իրեն լավ զգար»,-ասաց Գեւրոգի մորեղբայրը:
Վահան Բենգլյանը նշեց, որ Գեւորգը նպատակ ուներ իր արհեստը՝ սպորտային գույք պատրաստել սովորել:
«Ասում էր՝ քեռի ջան մի քիչ էլ յոլա տար, գամ, արհեստդ շարունակեմ, շարունակեց, բա՝ չէ»,-ասաց նա:
Գեւորգ Ասոյանի հոգեհանգիստը տեղի է ունեցել ապրիլի 2-ին:
Նշենք, որ Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 6-րդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող Գեւորգ Ասոյանի մահվան հանգամանքները։ Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում են անհետաձգելի քննչական եւ դատավարական գործողություններ: Քննության արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ապրիլի 1-ին, ժամը 09:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում գլխի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գեւորգ Արմենի Ասոյանը:
NEWS.am-ի տեղեկություններով, դեպքը տեղի է ունեցել Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանում։
Նշենք, որ ապրիլի 1-ին զինվորի մահվան երկու դեպք էր գրանցվել։ Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ապրիլի 1-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 20-ամյա Վլադիմիր Աշոտի Մելքոնյանը:
NEWS.amԱյս նյութը դիտել են - 2744 անգամ