Ջհանգիր Լֆիկյան
Պաշտպանության նախարարությունը Հայաստանի ամենահետաքրքիր հիմնարկներից է: Մի կողմից՝ նախարարը գիտնական Ռուզաննա Խաչատրյանի ամուսինն է, մյուս կողմից՝ գեներալներն իրար հետ յոլա չեն գնում: Եվ այս ամենը կատարվում է մի երկրում, որը փաստացի պատերազմի մեջ է գտնվում: Եվ այսպես, ի՞նչ է կատարվում դոկտոր Խաչատրյանի մարդու հիմնարկում:
Ուրեմն, արդի Հայաստանի խոշոր գիտնականի ամուսինը խորհրդական ունի, անունը` Դավիթ Ջամալյան: Սրա բախտն էլ է բերել կնոջ հարցում, թեպետ նա գիտնական չէ, բայց հսկայական ունեցվածքի տեր է: Նախարարությունում Ջամալյանի զբաղմունքն այն է, որ նա դոկտոր Խաչատրյանի PR-ի և ամեն ինչի տնօրինողն է: Նրա աշխատանքային պարտականությունների մեջ է մտնում նաև «մուտիլովկա» արտադրության և տարածման պատասխանատու գործընթացը: Եվ ուրեմն, ի՞նչ է սա նշանակում:
Առաջին: Նա ստուգում է մամուլը, փորձում է հասկանալ, թե ով և ինչ է գրում: Այնուհետև գիտնական Խաչատրյանին վերաբերող նյութերի հավանական պատվիրատուներին է հայտնաբերում: Դրանից հետո նա կիսվում է իր հայտնաբերություններով դոկտոր Խաչատրյանի ամուսնու ղեկավարի, այսինքն` հենց դոկտոր Խաչատրյանի հետ: Այնուհետև նա ստանում է հրահանգներ դոկտոր Խաչատրյանից և կատարում դրանք:
Երկրորդ: Ջամալյանի պարտականություններից կարևորը նախագահականի լրտեսների հայտնաբերումն է: Գաղտնիք չէ, որ գիտնական Խաչատրյանը տանել չի կարողանում Բաղրամյանի հետ կապված ամեն ինչ: Նախ՝ այն պատճառով, որ իր ամուսնուն համարում է Բաղրամյանից մեծ զորավար, երկրորդ՝ այն պատճառով, որ Բաղրամյան 26-ում աշխատող բոլորին իրենից ահավոր ցածր տրամագծի մարդիկ է համարում:
Երրորդ: Ջամալյանը գիտնական Խաչատրյանի և հայրենի մամուլի կապն է: Նա է որոնում փոքրիկ խամաճիկների (մամուլի աշխարհից) թիմը` գիտնական Խաչատրյանի շորերի և, հետևաբար, ծաղիկների գույների սիմֆոնիկ պատկերը լուսաբանելու գործում:
Չորրորդ: Ջամալյանը, բացի դոկտոր Խաչատրյանի անձնական խնդիրներով զբաղվելուց, զբաղվում է նաև կարևորագույն պետական հարցերով: Դրանց թվում են՝ գեներալների վարկաբեկում, տեղեկատվական արտահոսքի կազմակերպում, հատկապես գեներալներ Յուրի Խաչատուրովի և Հայկազ Բաղմանյանի դեմ: Վերջինիս հանդեպ Ջամալյանը յուրահատուկ վերաբերմունք ունի` չի կարող համակերպվել նրա տղամարդկային կերպարի հետ և հատուկ մի քանի դեղնակտուցների (մամուլի դաշտից) միջոցով իրականացնում է Բաղմանյանի դեմ օպերացիան:
Այժմ` գլխավորի մասին: Ի վերջո, պետք է գիտակցել, որ պաշտպանության նախարարությունը խանութ կամ կոմերցիոն հիմնարկ չէ, այն բոլորիս անվտանգությունն ապահովող կառույցն է: Ի՞նչ է անում այդ կառույցում բանակում չծառայած Ջամալյանը, ի՞նչ խորհուրդներ է տալիս նա նախարարին: Մի՞թե ՀՀ պաշտպանության նախարարի կնոջ ամուսնու ղեկավարի` գիտնական Խաչատրյանի անձնական շահերը, կապված շորերի, ծաղիկների, ամբիցիաների և այլնի հետ, այն արժեքն են, որ Հայաստանի Հանրապետությունը Ջամալյան է վարձատրում և փայփայում: Սա է այն հարցը, որի պատասխանը մենք չունենք: Հուսանք, որ կունենանք գիտնական Խաչատրյանի ևս մեկ դոկտորական` այս հարցերի հետազոտմանը նվիրված: