Հասունացել է պատմական պահը...
2016-04-03 01:09:00

Ինչպես և նախապես հայտարարվել էր, ԱՄՆ-ում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստան վերադառնալուց անմիջապես հետո Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել՝ Արցախում ընթացող ռազմական գործողությունների առնչությամբ:

Հանրապետության Նախագահն ասել է, որ իրեն վերադարձի ճանապարհին պարբերաբար զեկուցվել է տիրող իրավիճակի մասին: Պատկերը մտահոգիչ է այն իմաստով, որ ապրիլի 1-ի, լույս 2-ի գիշերը սկսված խոշորածավալ հարձակումը 1994 թվականի զինադադարի հաստատումից հետո ամենախոշորամասշտաբ գործողությունն է եղել:
«Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի՝ ժամանակին և արհեստավարժ գործողությունների շնորհիվ հնարավոր եղավ իրավիճակը վերցնել հսկողության տակ և ոչ միայն իրավիճակը վերցնել հսկողության տակ, այլ նաև զգալի կորուստներ հասցնել հակառակորդին: Ընդ որում, հակառակորդն այդ ընթացքում օգտագործում էր ռազմական օդուժ, հրետանու բոլոր տեսակները և բոլոր տիպի զրահամեքենաները: Հակառակորդի կորուստները, ինչպես օդուժի, այնպես էլ հետևակի ու զրահատեխնիկայի, զգալի են: Մենք էլ ունենք կորուստներ. այս պահի դրությամբ 18 զոհ ունենք և 35-ին մոտ վիրավոր»,- նշել է նախագահը:

Սերժ Սարգսյանը փաստացի հաստատել է, որ ադրբեջանական հերթական ագրեսիան, որի ծավալներն այս անգամ աննախադեպ են, կարող էր կապված լինել իր՝ ԱՄՆ կատարած այցի հետ. «Հանդիպումներ եմ ունեցել փոխնախագահ Բայդենի և պետքարտուղար Քերիի հետ: Նրանց կոչ եմ արել, որպեսզի սաստեն Ադրբեջանին՝ չխախտել հրադադարի կանոնները, բայց, ինչպես տեսաք, այդ հանդիպումից ընդամենը մի քանի ժամ հետո տեղի ունեցան իրադարձություններ, որ դեռևս հայտնի չեն, թե ինչի կվերաճեն: Այս պահին սադրանքները շարունակվում են. հյուսիսում և հարավում կա որոշակի լարվածություն, բայց, ինչպես ասացի, Լեռնային Ղարաբաղի զինված ուժերը վերահսկում են իրավիճակը»,- ասել է նախագահը՝ չհստակեցնելով, թե ինչ հարցեր են քննարկվել ԱՄՆ-ում՝ ԼՂՀ հարցի հետ կապված:


Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ում էր նաև Ադրբեջանի նախագահը՝ Ալիևը: Ըստ էության` օվկիանոսից այն կողմ ինչ-ինչ քննարկումներ կամ մոտեցումներ ադրեբջանական կողմի համար ընդունելի չեն եղել, և ալիևյան ռեժիմը իր քաղաքական դիրքորոշումը որոշել է արտահայտել ռազմական սանձարձակությամբ: Ու թեպետ ռազմական գործողությունները ադրբեջանական զինուժի համար, ըստ նախնական տվյալների, ավելի քան 200 մարդու կյանք են արժեցել, իսկ մի շարք բնակավայրերից ազերիները խուճապահար փախել են, սակայն այդ երկրի ղեկավարությունը վաղուց է ապացուցել, որ իր քաղաքացու կայնքն ու խաղաղ ապրելակերպը իր համար արժեք չունի:

Բայց մեր պարագայում իրավիճակն այնպիսին է, որ ինչուների և ինչպեսների հարցը քննարկելու և վերլուծելու հնարավորությունը պետք է թողնենք հետագային, իսկ այս պահին թիվը մեկ խնդիրը երկիրը պահելն է:

Նախագահի հավասարակշռված խոսքում հնչել են հստակ հանձնարարականներ. «Հայաստանի Հանրապետության զինված ուժերը գործում են ըստ նախապես մշակված պլանի, և որոշակի նախարարություններ, կարծում եմ, առանց աժիոտաժի, առանց որևէ լարվածության, պետք է անցնեն ուժեղացված աշխատանքի, ուժեղացված ծառայության, ինչպես նախատեսված է մեր ծրագրերով: Միջոցներ են ձեռնարկվել սահմանամերձ շրջանի բնակչության անվտանգության ապահովման համար: Կարծում եմ՝ այդ միջոցները բավարար են, բայց ես համոզված եմ և առաջարկում եմ՝ քննարկենք, որ մենք մեկ քայլ առաջ պետք է գնանք:
Արտաքին գործերի նախարարությանը, կարծում եմ, անհրաժեշտ է համագործակցել Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարարության հետ և աշխատել Լեռնային Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու ուղղությամբ: Անհրաժեշտ է պայմանագրի տեքստն ունենալ, համապատասխան քննարկումներ անցկացնել և ուղարկել Ազգային ժողով: Հայաստանի Հանրապետությունը լիարժեքորեն կատարելու է իր պարտականությունը Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովման առումով, և մենք նաև ունենք դրա իրավաբանական իրավունքը, որովհետև ինքներս հանդիսանում ենք 1994 թվականին կնքված հրադադարի համաձայնագրի կողմ:
Բացի զինված ուժերից՝ իրենց գործը կատարում են մեր մյուս գերատեսչությունները. կապ է հաստատվել միջազգային կառույցների մեր գործընկերների հետ: Այնուհանդերձ, ինչպես բազմաթիվ անգամ ասել եմ, մեր խնդիրները մենք պետք է լուծենք և բնավ չթերագնահատվելով որևէ մեկի օգնությունը»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Այլ կերպ սա նշանակում է, որ պաշտոնական Երևանը նաև արտաքին աշխարհի համար պարզ ու հասկանալի լեզվով ընդունում է մարտահրավերը, և եթե հակառակորդը կշարունակի սադրանքը, պատասխանը կլինի ՀՀ զինված ուժերի միջամտությունը: Սա ավելի շատ դրսի համար արված հայտարարություն էր, որովհետև ներսում առանց որևէ համաձայնագրի բոլորիս համար պարզ է՝ եթե Արցախում պատերազմ է, պատերազմի մեջ է նաև Հայաստանը: Սա պատերազմի մարտահրավերն ընդունելու Սերժ Սարգսյանի դիվանգիտական քայլն էր:

Ամենակարևոր հարցը, այնուամենայնիվ, շարունակում է մնալ մեկը՝ այս հարձակումը ադրբեջանական կողմը նախաձեռնել է պատերազմի վերսկսմա՞ն նպատակով: Ի դեպ, ողջ օրվա ընթացքում հայկական կամավորական խմբերում ու ատազամարտի հասարակական միավորումներում հերթեր էին գոյացել՝ առաջին գիծ մեկնելու ցանկություն ունեցողները սպասում են հրամանի:
Սակայն ադրբեջանական հարձակումը, որքան էլ որ աննախադեպ է եղել ծավալի ու օգտագործած սպառազինությունների տեսանկյունից՝ օդուժ, զրահատեխնիկա, հրետանի, այն, գոնե այս պահի դրությամբ, պատերազմի տպավորություն չի թողնում: Իրական պատերազմի նպատակ հետապնդելու պարագայում թշնամին թերևս պետք է հարձակման թիրախ ընտրեր ԼՂՀ մայրաքաղաքը կամ Շուշին: Քանի որ հարձակման ուղղությունները եղել են առաջնագծի, այսպես կոչված, «ավանդական» սահմանները, թերևս կարելի է ենթադրել, որ սա եղել է ստուգողական հարձակում՝ ճշտելու համար մեր զինուժի մարտական վիճակն ու պատրաստվածությունը: Ամեն դեպքում ձեռնարկված հարձակումը կարող է լինել պատերազմի սկզբի առաջին նախապատրաստական քայլը, և մենք դրան պատրաստ ենք: Ավելին՝ գուցե հասունացել է պատմական պահը՝ մեր զորքին հրաման տալու՝ առաջ գնալ:

Հաղթական գիշեր մեր բանակին:


Կարինե Սարիբեկյան
hayeli.am
Այս նյութը դիտել են - 1688 անգամ