EurAsia Daily պարբերականը մի հետաքրքիր նյութ է հրապարակել՝ նվիրված հայ-վրացական դարավոր «բարեկամությանը» և արյունակցական հարազատությանը։ Պարզվում է՝ վրացիները հոգով-սրտով ցավում են ադրբեջանցիների համար և ձգտում են դեպի Ղարաբաղ՝ մահացու կռվի հայերի դեմ։ Հասկանալի է՝ Վրաստանում կան նաև նորմալ վրացիներ, որոնք համակրում են հայերին, բայց, կարծում ենք, նրանք փոքրամասնություն են։ Հիմնականում ռուսատյաց զանգվածն ինքնըստինքյան պաշտպանում է Ադրբեջանին, քանզի համոզված է, որ Ռուսաստանը պաշտպանում է Հայաստանին։
Մեջբերենք հատվածներ EurAsia Daily-ի նյութից՝ առանց մեկնաբանությունների։ Դրանց կարիքը չկա, ամեն մեկը թող իր եզրահանգումն անի։ Ասենք միայն, որ վրացիները Ղարաբաղում ճիշտ այնպես են կռվելու, ինչպես կռվել են Աբխազիայում, Հարավային Օսիայում, իսկ այսօր էլ՝ Ուկրաինայում։ Հասկանալի է՝ չենք կարող նրանց հաջողություն մաղթել, ասենք միայն, որ Ղարաբաղի հողում նրանց արժանի ընդունելություն է սպասվում։
«Լեռնային Ղարաբաղում վերջին իրադարձությունների հետ կապված՝ Ադրբեջանին զորակցություն է հայտնել այսպես կոչված «Վրացական ազգային լեգեոնի» հրամանատար Մամուկա Մամուլաշվիլին, որն Ուկրաինայի Զինված ուժերի կազմում կռվում է ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի դեմ։ «Ի զորակցություն Ադրբեջանի ժողովրդի՝ Վրացական լեգեոնը պատրաստ է իր բարձրորակ սպաների մի մասին Վրաստանից ուղարկել Ղարաբաղ՝ հակամարտության գոտի, որտեղ այսօր Ադրբեջանի անբաժանելի մասում՝ Ղարաբաղում, ծավալվում է ադրբեջանա-հայկական հակամարտությունը»,- ասվում է Մամուլաշվիլու հայտարարության մեջ՝ հրապարակված Ֆեյսբուք սոցցանցում։
«Վրացական ազգային լեգեոնի» մարտիկները, որոնք վերջին երկու տարիներին կռվում են Ուկրաինայում՝ Կիևի կողմից, մինչ այդ պայմանագիր էին ստորագրել ծառայությունն Ուկրաինայի Զինված ուժերում կրելու համար՝ հակաահաբեկչական գործողության ժամանակ (Կիևում այդպես են անվանում ռազմական գործողությունները Դոնբասում)։ Լեգեոնը պաշտոնապես դարձավ առաջին օտարերկրյա զինված կազմավորումը ՈւԶՈւ կազմում։ Օրերս Մամուլաշվիլին, որպես առաջին օտարերկրացի, ստացել է Ուկրաինայի ԶՈւ զինգրքույկ։ Այսօրվա դրությամբ ուկրաինական ուժերին օգնող վրացիների ճիշտ թվաքանակը հայտնի չէ։ Նրանցից շատերը վրացի նախկին զինվորականներ են, որոնք մասնակցել են Վրաստանում մարտական գործողություններին կամ միջազգային խաղաղարար առաքելություններին երկրի սահմաններից դուրս։ Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի ներկայիս նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլու խոսքերով՝ վերջին երկու տարվա ընթացքում լեգեոնը, որը կազմված է «հարյուր» մարդուց, Ուկրաինայում վեց մարտիկ է կորցրել։
Վրաստանն օրենսդրական մակարդակով 2015թ. իր քաղաքացիներին թույլատրել է մասնակցել մարտական գործողությունների այլ պետությունների պաշտոնական իշխանությունների կողմում՝ արգելելով մասնակցությունն անօրինական զինված կազմավորումներին, այդ թվում և Մերձավոր Արևելքում»։
Այս նյութը դիտել են - 2012 անգամ