Ապրիլի 3-ին ամբողջ օրվա ընթացքում շարունակվել են մարտերը ղարաբաղաաադրբեջանական շփման գծի հյուսիսային ու հարավային հատվածներում: Մարտական գործողությունների ընթացքում Արցախի պաշտպանության բանակը հյուսիսարեւելյան ուղղությամբ ոչնչացրել է ադրբեջանական եւս մեկ տանկ, հյուսիսային ուղղությամբ` «Գրադ» տիպի հրթիռահրետանային կայանք, եւ մեկ անօդաչու թռչող սարք՝ Մարտակերտի ուղղությամբ: Այսպիսով՝ երկու օրվա ընթացքում հայկական ուժերը ոչնչացրել են ադրբեջանական երկու տասնյակից ավելի ռազմական տեխնիկա:
Պաշտպանության բանակը հերքել է մարտական գործողությունները դադարեցնելու մասին Ադրբեջանի տարածած տեղեկությունները, միաժամանակ հայտարարել է, որ պատրաստ է ընդառաջել եւ քննարկել կրակի դադարեցման մասին առաջարկը՝ նախնական դիրքերի վերականգնման համատեքստում: Հիշեցնենք, որ այսօր լուսաբացին հայկական զինված ուժերին հաջողվել էր հետ բերել Թալիշի ուղղությամբ մարտավարական նշանակության հենակետերից մեկը:
Սահմանամերձ Թալիշի ազատագրումից հետո Hetq.am-ի լրագրողները եղել են գյուղում եւ
ականատես եղել ադրբեջանական վայրագություններին: Իրենց տանը գնդակահարվել են գյուղի երեք տարեց բնակիչներ: Ադրբեջանցիները նրանց սպանել են դաժանաբար, կտրել ականջները:
Մինչ միջազգային հանրությունը շարունակում է ոչ հասցեական հայտարարություններ անել՝ կրակը դադարեցնելու կոչով դիմելով ոչ թե լայնածավալ ռազմական գործողությունները սանձազերծած Բաքվին, այլ երկու կողմերին, Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել միջազգային մարդասիրական իրավունքը՝ հրթիռահրետակոծելով խաղաղ բնակավայրերը:
Այսօր Մարտակերտում հրետակոծության տակ է հայտնվել նաեւ NEWS.am-ի թղթակիցը, որն այլ լրագրողների հետ գտնվում էր Մարտակերտ քաղաքում՝ շփման գծից բավական հեռու: Արկերից մեկը պայթել է լրագրողներին մոտ տարածության վրա:
Պաշտպանության բանակը հրապարակել է նոր կադրեր, որոնցում երեւում են Սեյսուլանի ուղղությամբ ադրբեջանական մարդկային կորուստները: Հակառակորդի կորուստների թիվը 200-ից ավելի է:
Հայկական կողմում զոհերի թիվը, վերջին տվյալով, 18 է, կա երեք տասնյակից ավելի վիրավոր: Պաշտպանության բանակն ամբողջությամբ վերահսկում է իրավիճակը սահմանին: Նախաձեռնությունը հայկական կողմի ձեռքում է: