Սահմանում տիրող վիճակը օգտագործում են գումար աշխատելու համար.
2016-04-04 02:41:00

«Հրապարակ»-ի  խմբագրություն է դիմել մի քաղաքացի՝ նշելով, որ Դավթաշեն վարչական շրջանի իրենց շենքի վերելակում փակցված է գրություն, որտեղ նշվում է, թե անհրաժեշտ է բացասական խմբի արյուն։ Քաղաքացին կասկածներ ուներ, որ այս օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում կռվող եւ վիրավորված զինվորներին օգնելու անվան տակ կան մարդիկ փորձում են գումար աշխատել:

Զանգահարեցինք հայտարարության մեջ նշված հեռախոսահամարով: Մեր զրուցակիցը չներկայացավ, միայն ասաց, որ Նորք Մարաշի սրտաբանականի աշխատակից է։ Նա հայտնեց, որ նման հանձնարարություն է ստացել իր տնօրենից, սակայն հրաժարվեց հայտնել տնօրենի անունը ու անմիջապես անջատեց հեռախոսը:

Երկրորդ անգամ զանգեցինք այդ հեռախոսահամարով, այս անգամ մեր զրուցակիցը հայտնեց, որ արյուն հավաքում էին սահմանին վիրավորված զինվորների համար, բայց այս պահին բավարար պաշարներ ունեն, այլեւս արյուն հարկավոր չէ:

Դիմեցինք Նորք Մարաշ սրտաբանական կենտրոն, տնօրենի ընդունարանից մեզ փոխանցեցին, որ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնն է իրենց դիմել՝ աջակցելու և իրենց մոտ արյուն հավաքելու համար, քանի որ իրենք էլ ունեն արյան բանկ։ Տնօրենի հետ այդպես էլ չհաջողվեց զրուցել, նա զբաղված էր: «Երեկվանից անընդհատ լրագրողներ են զանգահարում մեր կենտրոն, տնօրենը զայրացել է, մենք օգնում ենք պարզապես»,-փոխանցեց քարտուղարուհին։

Զրուցեցինք Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի փոխտնօրեն Նատա Մելքիկյանի հետ: Նա մեզ վստահեցրեց, որ իրենք չեն դիմել սրտաբանականին արյուն հավաքելու հարցում:  Փոխտնօրենի խոսքով՝ արյան բավարար պաշարներ կան, եթե հավելյալ պետք լինի, հայտարարություն կտարածեն. այժմ  ցանկալի է բացասական խմբի 3 և 4 կարգի արյուն:

Ի դեպ, մեր խմբագրությունը ահազանգ է ստացել նաեւ, որ երեկվանից մի խումբ մարդիկ, օգտագործելով իրավիճակը, թակում են բնակարանների դռները, և մարդկանցից օգնություն խնդրում՝ գումարի, ուտելիքի տեսքով՝ պատճառաբանելով, թե ուղարկում են սահմանագիծ զինվորներին:

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում եւս ինչ-որ ֆեյքեր երկտողեր են ուղարկում սփյուռքում մեր հայրենակիցներին, թե. «զինվորի մայր եմ, տղես առաջնագծում է, լուր չունեմ, տեղս չեմ գտնում, փող չունեմ, որ տղուս զանգեմ, խնդրում եմ փող փոխանցեք այսինչ համարին հեռախոսի»։ 

Նշենք, որ սահմանում կանգնածներին օգնելու համար մի խումբ ակտիվիստներ ստեղծել են «Առաջին անհրաժեշտության իրերի և սննդի հավաքագրում եւ տեղափոխում Արցախյան ճակատ» նախաձեռնություն, որը ապրիլի 4-ին և 5-ին, երեկոյան 18:00, հավաքվելու է Մաշտոցի պուրակում:
 
hraparak.am
Այս նյութը դիտել են - 1528 անգամ