Մարտական գործողությունների սաստկացումը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետեւանքների. ՀՀ նախագահ
Հայաստանի Հանրապետությունը` որպես 1994 թվականի Զինադադարի համաձայնագրի կողմ, շարունակելու է լիարժեքորեն կատարել Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովման իր պարտավորությունները: Այս մասին, այսօր՝ ապրիլի 4-ին, Հայաստանում ԵԱՀԿ երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Ավելին, ես հրահանգել եմ արտաքին գործերի նախարարությանը՝ աշխատել Լեռնային Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու ուղղությամբ: Եվ այստեղ պետք է նշեմ՝ մեկ անգամ չէ, որ ես հայտարարել եմ, որ եթե, իրոք, ռազմական գործողությունները շարունակվեն եւ ստանան լայնածավալ մասշտաբ, Հայաստանի Հանրապետությունը ճանաչելու է Լեռնային Ղարաբաղի անկախությունը»,-նշել է նա:
Սերժ Սարգսյանի խոսքով, մարտական գործողությունների հետագա սաստկացումը կարող է հանգեցնել անկանխատեսելի եւ անդառնալի հետեւանքների՝ ընդհուպ մինչեւ լայնածավալ պատերազմի:
«Սա, բնականաբար, կազդի ոչ միայն հարավկովկասյան, այլեւ եվրոպական տարածաշրջանի անվտանգության ու կայունության վրա:
Ակնհայտ է, որ թե ռազմական գործողությունների դադարեցումը եւ առհասարակ, հիմնախնդրի խաղաղ կարգավորումը բխում են նաեւ եվրոպական երկրների շահերից: ԵԱՀԿ-ին՝ որպես Եվրոպայի անվտանգության ապահովման երաշխավորման գործում առանցքային դերակատարություն ունեցող կառույցի, այս հարցում առանձնակի դեր է վերապահված:
Ցավոք, հայկական կողմի բազմաթիվ կոչերն առ այն, որ Ադրբեջանը վաղ թե ուշ գերի է դառնալու հայատյացության իր իսկ հռետորաբանությանն ու նոր զինված արկածախնդրություն է սանձարձակելու, եւ պետք է հնարավոր միջոցներով զսպել ագրեսորին, չտվեցին ցանկալի արդյունք:
Երբ Ադրբեջանը հպարտանում էր մեծաքանակ սպառազինությունների ձեռքբերումներով, միջազգային հանրությունը լուռ էր կամ գրեթե լուռ էր: Երբ ամենաբարձր մակարդակով հայտարարվում էր ռազմական ճանապարհով խնդիրը լուծելու մասին, միջազգային հանրությունը գրեթե լուռ էր:
Երբ Ադրբեջանը վարկաբեկում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը եւ հրաժարվում վստահության ամրապնդման մեխանիզմներ ստեղծել, միջազգային հանրությունը կրկին լուռ էր, ու այսօր էլ լուռ է, երբ Ադրբեջանը կիրառում է ծանր հրետանի ու գնդակոծում խաղաղ բնակչությանը:
Իմիջիայլոց, պետք է ասեմ, որ ընդամենը րոպեներ առաջ առաջին անգամ ադրբեջանական զինված ուժերը կիրառեցին ծանր հրանետ, ռուսերեն բառը օգնեմյոտ է կոչվում, եւ դրա տիպը, զինատեսակը կոչվում է «Տոս-1»:
Իսկ երբ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը հակազդում է իրեն անգամներ գերազանցող Ադրբեջանի բանակին, նրան կոչ են անում «ցուցաբերել զսպվածություն»,-ընդգծել է ՀՀ նախագահը:
Այս նյութը դիտել են - 1739 անգամ