Հայ-ադրբեջանական սահմանագծում տեղի ունեցող ռազմական իրադրությունն այս օրերին հայ քաղաքական գործիչներից շատերին տարել է Լեռնային Ղարաբաղ: Առաջինը լսեցինք ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Գրիգորյանի անունը, ով նախագահում է Երկրապահ կամավորների միությունը: Արցախում Մանվել Գրիգորյանը գտնվում է իր բազմահազարանոց ԵԿՄ անդամների հետ:
Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հիմնադիր, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ արդեն հասցրել է Ստեփանակերտում հանդիպում ունենալ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ. «ԼՂՀ նախագահը ներկայացրեց Ղարաբաղ-Ադրբեջան շփման գծի երկայնքով ստեղծված վիճակի եւ հնարավոր զարգացումների վերաբերյալ իր գնահատականները: Մենք վերահաստատեցինք մեր անվերապահ աջակցությունը ԼՂՀ քաղաքական ղեկավարությանը, ինչպես նաեւ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Զինված ուժերին եւ պատրաստակամություն հայտնեցինք մեզ հասու միջոցներով աջակցել նրանց».- իր ֆեյսբուքյան էջում գրել է Նիկոլ Փաշինյանը»:
Ադրբեջանի սանձարձակ գործողությունների պատճառով ոտքի է ելել նաև ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը, որոշ տեղեկությունների համաձայն` նա իր ջոկատով մեկնել է Քարվաճառ:
ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գեւորգյանն իր Երդվյալ ազատամարտիկների միության հրամանատարական կազմի 16 անդամների հետ նույնպես Արցախում է, ԵԱՄ-ի մյուս անդամները Երևանում կազմուպատրաստ սպասում են նախարարի հրմանանին:
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն էլ հայտարարել է, որ Ազգային ժողովում քննարկվում է բոլոր խմբակցությունների պատգամավորների համատեղ այցը Լեռնային Ղարաբաղ:
Տեղեկացանք, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը` իր օգնական Զարզանդ Նիկողոսյանի եւ մի շարք այլ սյունեցիների հետ համալրել է առաջնագիծ գնացողների շարքերը:
Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը, ի դեպ, նույնպես ԵԿՄ անդամ է, վերջինս Երկրապահ կամավորականների միության Հրազդանի բաժանմունքի ներկայացուցիչների հետ նույնպես Արցախում է: Արցախից երեկ է վերադարձել ազատամարտիկ Սասուն Միքայելյանը, ով Հրազդանի քաղաքապետի ընտրություններում իր թեկնածությունն է առաջադրել: Սասուն Միքայելյանը կամավորների ջոկատ է հավաքագրել և սպասում է պաշտպանության նախարարի հրամանին: Ի դեպ, Հրազդանի քաղաքապետի թեկնածուները ստեղծված իրավիճակի պատճառով դադարեցրել են քարոզարշավը:
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ղեկավար, Արցախյան հերոսամարտի մասնակից Ժիրայր Սեֆիլյանը կոչ է արել ազատամարտիկներին ու երիտասարդությանը պատրաստ լինել առաջին իսկ անհրաժեշտության դեպքում կանգնելու Հայրենիքի պաշտպանության շարքերում:
Արցախին օգնության են շտապել նաև Արցախի առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը:
Մեր տեղեկություններով` այս օրերին Արցախում է գտնվում նաև գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: Վերջինս դատախազության մի շարք աշխատակիցների հետ շտապել է իրավական օգնություն ցուցաբերել երկրորդ հայկական պետությանը: Տեղի ունեցած վայրագությունների դեպքերով ԼՂՀ Դատախազությունում գործեր պետք է հարուցվեն:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն էլ իրավապաշտպաններ Արտակ Զեյնալյանի եւ Արա Ղազարյանի հետ աշխատանքային հատուկ այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:
Նյութի աղբյուրը `hraparak.am
Այս նյութը դիտել են - 2653 անգամ