Մարտունու պաշտպանական ուղղությամբ ապրիլի 2-ին, ՄՄ-21 կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետեւանքով վիրավորված 11-ամյա Գեւորգ Գրիգորյանի եւ 12-ամյա Վարդան Անդրեասյանի վիճակը շարունակում է ծանր կայուն մնալ: Այս մասին տեղեկացնում է Արցախում NEWS.am-ի հատուկ թղթակիցը՝ նշելով, որ երեխաներն արդեն կարողանում են խոսել եւ համեմատաբար ավելի լավ են իրենց զգում:
Ստեփանակերտի «Արեւիկ» մանկական հիվանդանոցում գտնվող 12-ամյա Վարդան Անդրեասյանը դեպքից հետո չի ընկճվել, NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ երբ մեծանա՝ վրեժ է լուծելու հակառակորդից. «Լավ եմ ես, բայց երբ մեծանամ՝ վրեժ եմ լուծելու»:
Իսկ 11-ամյա Գեւորգ Գրիգորյանը, որի եղբայրը ապրիլի 2-ին հրետակոծության հետեւանքով մահացել էր, մեզ հետ զրույցում նշեց, որ տեղի ունեցածից շատ չի վախեցել:
«Լավ եմ, չեմ վախեցել: Վալերիկ, Նարեկ, Միլենա, Վահե, Գոհար չվախենաք, առողջ եղեք: Իրենք գիտեն, որ ես ուժեղ եմ եւ չեմ վախենում»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ապրիլի 2-ին, Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետեւանքով սպանվել է 12-ամյա Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, եւս երկու երեխա՝ 11-ամյա Գեւորգ Գրիգորյանը եւ 12-ամյա Վարդան Անդրեասյանը վիրավորվել են: 12-ամյա Վարդան Անդրեսյանը երկրորդ անգամ է վիրահատվել, կատարվել է ազդրի արտաքին ֆիքսացիա, նրա վիճակում կա դրական տեղաշարժ: Իսկ Գեւորգ Գրիգորյանի վիրակապումն ամեն անգամ ընդհանուր անեսթեզիա տակ է անցնում։
Այս նյութը դիտել են - 1376 անգամ