ԱՅՍ ՕՐԵՐԻՆ ԳՆԴԱԿՈԾՎԱԾ ԲՆԱԿԱՎԱՅՐԻՍ ԱՎԵՐԱԿՆԵՐՆ ԻՆՁ ԿԱՆՉՈՒՄ ԵՆ...
2016-04-05 09:43:00
Մարտակերտից ոչ շատ հեռու գտնվող գյուղում եմ, որտեղ այս օրերին ապրեցի հրետակոծության տակ գտնվող բնակավայրիս կրակահերթերի խուլ արձագանքները: 
 Տարհանված բնակչուհու ծանր ողբերգությունն ապրեցի այս օրերին` զոհվելով ամեն մի զոհի հետ, ուրախանալով ամեն մի հաջողությամբ: 
Վիրավորների տառապալից հառաչանքների արձագանքն է սրտումս` բնակավայրիս ավերակների ճիչերն են կանչում ինձ, սպասում եմ անհամբեր, թե երբ պիտի վերադառնամ իմ վիրավոր բնակավայրին այցելության: Գիտեմ, որ ծանր կլինի հանդիպումը, չափազանց ցավոտ, բայց հուսով եմ, որ այս մեկին էլ բոլորս կդիմանանք...

Արցախի պատմության մեջ մի նոր ողբերգական օրերի տարեգրություն կավելանա, որ մեր զոհերի անմահության ճանապարհով, այս օրերի մեր ապրած ցավալի ու տառապալից խռովքով, բազմաթիվ ավերածությունների միջով անցնելով` ամրագրվեց հայության անկոտրում կամքը, նորից ու նորից հաստատելով այն մեծագույն ճշմարտությունը, որ հաղթանակների ձեռքբերման ճանապարհին կարևորը քանակը չէ և ոչ էլ զենքերի տեսակը, այլ միասնականությունն ու հաստատակամությունը, հող հայրենիի նկատմամբ տածած մեծագույն սերը, որ այս օրերին մեր քաջարի ազատամարտիկներին կանգնեցրին սահմանին կանգնած զինվորի կողքին` ոգեկոչելով բոլորիս` լինենք անսասան, դիմակայենք ամեն մի դժվարության` արցախցուն հատուկ համառ կամքով ու քաջությամբ:

Հուսանք, որ հաստատված երկկողմանի հրադադարը հնարավորություն կտա նորից արցախցիներին անցնելու իրենց խաղաղ կյանքին, բայց երբեք չեն մոռացվի անմահների անցած հերոսական ուղին, այն բոլոր տառապանքներն ու վշտաբեկ օրերը, որ ապրեցինք այս օրերին:

Նատաշա Պողոսյան
Արցախի վաստակավոր մանկավարժ
Այս նյութը դիտել են - 1529 անգամ