ԱԴՐԲԵՋԱՆԻ ԲԱՆԱԿԻ ՈՒ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԽՈՒՃԱՊԸ ՆԿԱՐԱՀԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ LIFENEWS-Ի ԼՐԱԳՐՈՂԸ ՎՏԱՐՎԵԼ Է...
2016-04-05 14:50:00

 

Ադրբեջանական բանակում ու Արցախին հարակից ադրբեջանական բնակավայրերում տիրող համատարած խուճապը քողարկելու համար Բաքուն սկսել է երկրից վտարել այդ ամենը լուսաբանող եւ ընդհանրապես իրեն ոչ ցանկալի տեղեկատվություն մատուցող օտարերկրացի լրագրողներին:

Մասնավորապես, այսօր Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է ռուսական LifeNews հեռուստաալիքի լրագրողներին հավատարմագրումից զրկելու եւ վերջինիս լրագրողներին երկրից վտարելու որոշման մասին: Ինչպես հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիեւը, հեռուստաալիքի լրագրողները աղավաղված տեղեկատվություն են տարածել Ադրբեջանի մասին:

Աղավաղված տեղեկատվություն ասելով՝ Բաքվում, ըստ էության, նկատի ունեն այն, որ ռուսական հեռուստաալիքը երեկ եթեր է հեռարձակել, թե ինչպես են Արցախին հարակից բնակավայրերի եւ մասնավորապես՝ Ադրբեջանի Թարթառ քաղաքի բնակիչները խուճապահար փախչում:

Այսպիսով, պաշտոնական Բաքուն կիրառում է նույն մարատավարությունը, ինչ 2015 թվականի հունիսին Եվրոպական առաջին խաղերի ժամանակ: Այն ժամանակ Ադրբեջանի ԱԳՆ-ն հրաժարվել էր հավատարմագրել մոտ 100 արտասահմանցի լրագրողներին, ովքեր նախկինում իրենց հրապարակումներում Բաքվին ոչ ցանկալի լույսի ներքո էին ներկայացրել արցախյան հիմնախդիրը, ինչպես նաեւ Ադրբեջանի իշխանություններին քննադատել էին մարդու իրավունքների զանգվածային ոտնահարման համար:

artsakhtert.com

Այս նյութը դիտել են - 1982 անգամ