՛՛Երկարաժամկետ հրադադարի հաստատման համար հարկավոր է վերահսկման լուրջ համակարգ։ Այժմ ղարաբաղյան հակամարտության գոտում ավելի ամուր վերահսկման համակարգ գործարկելու ժամանակն է՝՝,- "Ամերիկայի Ձայն"-ի հայկական ծառայությանը տված հարցազրույցում նշում է Վաշինգտոնի Կարնեգիհիմնադրամի Եվրոպայի եւ Եվրասիայի ծրագրերի ավագ փորձագետ Փոլ Ստրոնսկին։
Ըստ Ստրոնսկիի, բավական տարօրինակ էր հակամարտության լարումը այն պարագայում, երբ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները գտնվում էին Վաշինգտոնում։ Ըստ նրա, մեծ տերություններից եւ ոչ մեկը հետաքրքրված չէ Ղարաբաղում պատերազմի վերսկսման մեջ, իսկ թե ով էր կանգնած հակամարտության լարման որոշման հետեւում, հարց է, որը միանշանակ պատասխան չունի։
՛՛ Ինձ համար պարզ է, որ հրադադարի խախտման մեջ ավելի լուրջ հետաքրքրվածություն ունի ադրբեջանական կողմը: Այդուհանդերձ Վաշինգտոնում բարձրաստիճան հանդիպումներից հետո դեպքերի նման զարգացումը ինձ համար առնվազն տարօրինակ է՝՝։
Վերլուծաբան Իգոր Դանչենկոն նշում է, որ ղարաբաղյան խնդրի թեժացումը ժամանակ առ ժամանակ ծառայում է տարբեր կողմերի նեղ քաղաքական շահերին։
՛՛Քաղաքական գլոբալ դաշտում Ղարաբաղի հակամարտությամբ եւ ոչ մի կողմ հետաքրքրված չէ։ Դա չի ծառայում ոչ՛ Ռուսաստանի, ոչ՛ Թուրքիայի, ոչ՛ ԱՄՆ-ի ոչ էլ Ադրբեջանի ու Հայաստանի շահերին, սակայն խնդրի թեժացման պարագայում տարբեր քաղաքական ուժեր շահարկում են դա իրենց անձնական քաղաքական շահից ելնելով՝՝։
Վերլուծաբան Ստրոնսկին նշում է, որ թեեւ մեծ տերությունները հետաքրքրված չեն ղարաբաղյան հակամարտության վերսկսմամբ, այդուհանդերձ Ադրբեջանին սատարելու մասին Էրդողանի հայտարարությունը ապակայունացնում է իրավիճակը։ Վերլուծաբան Դանչենկոն հավելում է, որ Էրդողանի հայտարարությունները իրական քաղաքական դաշտում կշռուն փոփոխություններ չեն խոստանում, այս հայտարարություններով նա ընդհամենը շահարկում է իր ներքին քաղաքական շահը՝ շեղելով Թուրքիայի հանրությանը երկրի ներքին խնդիրներից։
Երկու վերլուծաբաններն էլ հավատում են, որ ղարաբաղյան խնդիրը ռազմական լուծում չունի։
Այս նյութը դիտել են - 1644 անգամ