“Ամերիկայի Ձայն”-ի հայկական ծառայության խնդրանքով ԱՄՆ-ի Պետդեպարտամենտում “Ամերիկայի Ձայն”-ի մշտական թղթակիցը հարց է ուղղել Պետդեպի փոխխոսնակ Մարք Թոներին` Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետություն ճանաչելու հարցի կապակցությամբ:
ԱՁ.- Հայաստանի նախագահը նախազգուշացրել է, որ Հայաստանը կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Ունե՞ք այս հարցին պատասխան:
Մարք Թոներ -“Մենք մեր մտահոգությունն ենք արտահայտել սկսված բռնությունների կապակցությամբ: Ի վերջո Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների գործն է խաղաղության ու հրադադարի հասնելու նպատակով քաղաքական կամքի դրսեւորումը: Մենք մեր կողմից, որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր, շարունակելու ենք երկու կողմերին բանակցային գործընթաց վերադարձնելու մեր ջանքերը:
ԱՁ.-Այո, սակայն ո՞րը կլիներ ձեր պատասխանը, եթե Հայաստանը ճանաչեր Լեռնային Ղարաբաղի անկախությունը:
Մարք Թոներ -“Կարծում եմ, այստեղ կարեւորը բռնությունների դադարեցումն է: Մենք չենք ուզում տեսնել իրադրության հետագա սրում ու ցանկանում ենք, որ իրական հրադադարը վերադառնա այստեղ: Այստեղ Մինսկի խմբի միջոցով շարունակվում է այն գործընթացը, որը մեր համոզմունքով, կարող է տանել դեպի Ղարաբաղյան խնդրի խաղաղ, բանակցային կարգավորման: Եվ մենք նորից հորդորում ենք կողմերին վերադառնալ այդ գործընթաց, լիցքաթափել լարվածությունը եւ շարունակվող փոխթշնամանքը վերացնելու ուղղությամբ գտնել քաղաքական լուծումներ:
Այս նյութը դիտել են - 1845 անգամ