Ռուսական հատուկ ծառայությունը Երեւանում կհավաքի բոլորին ...
2016-04-05 23:17:00

Ռուսաստանցի քաղաքագետները Շանթի հեղափոխության մեջ տեսել են այն, ինչը շատերը Հայաստանում չեն ցանկացել նկատել «քաղաքական կոռեկտությունից»: Ռուսական ԶԼՄ-ներում նկատելի անհանգստությամբ են խոսում այն մասին, որ Հայաստանում աճում են հակառուսական տրամադրությունները:

Շանթ Հարությունյանը հանդես է եկել ոչ միայն տեղական իշխանության, այլեւ Հայաստանի վրա Ռուսաստանի տոտալ վերահսկողության դեմ: Նա միակն է, ով հայտարարել է, որ մտադիր է բողոքի ակցիա անել Պուտինի այցի դեմ: Եւ հենց դա է մտահոգություն առաջացրել ռուսական ԶԼՄ-ներում:

Այսօր Ռուսաստանի միանգամից մի քանի լրատվամիջոցներում գրվել է այն մասին, որ Ռուսաստանը պետք է ավելի արագ «ինտեգրի» Հայաստանը, հակառակ դեպքում կհայտնվեն հակառուսական տրամադրություններ: Ընդ որում, փորձագետները նշում են, որ այդ տրամադրությունները հասունանում են ոչ Հայաստանի ավանդական քաղաքական դասի մեջ: Եւ իշխանությունը, եւ ընդդիմությունը Ռուսաստանի կողմն են, գրում են փորձագետները, սակայն հակառուսական տրամադրություններ այնուամենայնիվ հայտնվում են:

Ռուսաստանի հատուկ ծառայությունների համար կարող է վատ լինել, եթե Երեւանում Պուտինին դիմավորեն հակակայսերական լոզունգներով, ինչպես արքայազն Չարլզին դիմավորեցին բնապահպանական կոչերով: Եւ ռուսական հատուկ ծառայությունները բռնելու են բոլոր նրանց, ովքեր Պուտինի համար անսպասելի «շոու» կկազմակերպեն: Հատուկ ծառայությունները գիտեն, որ Երեւանում դա չի լինելու FEMEN-ը, որը միայն գլամուր է հաղորդում «միջոցառումներին», այլ ավելի «քաղաքականացված» մարդիկ:

Սակայն ռուս քաղաքագետները սխալվում են՝ իշխանության եւ ընդդիմության մեջ բոլորը չէ, որ կողմ են եվրասիական ինտեգրմանը: Ավելին, մեծ մասը դեմ են, սակայն վախենում են այդ մասին խոսել: Ինչ ասես արժե Տիգրան Սարգսյանի դիվանագիտական «դիտողությունն» այն մասին, որ Մաքսային միություն մտնելուց հետո մաքսատուրքերը երկու անգամ ավելանալու են: Նա մի քանի անգամ արդեն խոսել է ՄՄ «օգուտների» մասին, սակայն դա միայն ավելացնում է հակաեվրասիական տրամադրությունները:

Ասենք, ռուս փորձագետները հատուկ են խառնում կոտլետներն ու ճանճերին, խոսելով հակառուսական տրամադրությունների մասին: Ոչ Շանթը, ոչ էլ որեւէ այլ մեկը հանդես չեն եկել Ռուսաստանի դեմ, նրանք խոսում են այն բանի մասին, որ Հայաստանին Պուտինի պարտադրած ճանապարհը վնասակար է: Նրանք ասում են, որ չի կարելի հայտարարել անկախության մասին եւ 100 տոկոսով կախված լինել այլ պետությունից:

Հենց դրանում է Շանթի հեղափոխության էությունը՝ նա փորձում է ցույց տալ, որ խնդիրը իշխանությունը չէ, այլ այն, որ որոշումներն ընդունվում են Հայաստանից դուրս: Եւ եթե վերացվի այդ կախվածությունը, ապա հայ ժողովուրդն ինքը կարող է փոխել իր իշխանությունը:

Ահա թե ինչից են վախենում Մոսկվայում, որը մինչ այժմ Հայաստանի իշխանությանը վախեցրել է հեղաշրջման սպառնալիքով: Հիմա փոխվել է հեղափոխության «օբյեկտը»՝ դա ոչ թե իշխանությունն է, այլ «Կենտրոնը», որից կախված է այդ իշխանությունը: Կայծակը (շանթը) պետք է հարվածի ոչ թե հաղորդալարերին, այլ գեներատորին: Եւ հիմա ամեն ինչ կախված է նրանից, թե արդյոք Հայաստանում կլսեն այդ կայծակը:

lragir.am

Այս նյութը դիտել են - 2025 անգամ