Արդեն վեցերորդ օրն է՝ խոսում ենք, կարդում ենք, գրում ենք, մեկնաբանում ենք սահմանին կանգնած, զոհված ու վիրավորված մեր հերոսներին մասին։ Իսկ մտածո՞ւմ ենք, որ զոհված զինվորը, ում փառաբանում ենք, ումով հպարտանում ենք, հնարավոր է՝ վարկ ուներ։ Որ հիմա նրա ընտանիքը չգիտի՝ նրա մա՞հը սգա, յոլա՞ գնա, թե՞ վարկը փակի։
Ֆեյսբուքներում կգրենք, կտարածենք ու կլայքենք սխրանքի մասին պատմությունները ու… ու որոշ ժամանակ անց կանցնենք մեր գործերին։
Դաժան է հնչում, բայց այդպես է։ Ու զոհված կամ վիրավորված զինվորի ընտանիքը կմնա մենակ՝ իր հոգսերի հետ։ Իսկ ի՞նչ անել՝ կասեն ոմանք։ Իհարկե, կորուստը ետ բերել ու վիշտը թեթևացնել չի լինի, բայց հոգսը թեթևացնել կարելի է ու անհրաժեշտ է։
Խոսքը ուղղում ենք երկրի գործադիր ու օրենսդիր իշխանության ղեկավարներին՝
Օրենքով ազատեք ծառայության ընթացքում զոհված ու վիրավորված զինվորների ընտանիքներին բոլոր տեսակի ֆինանսական պարտավորություններից՝ վարկային (բանկերի նկատմամբ) և հարկային։ Ցույց տվեք, որ խոսքերից բացի նաև այլ կերպ ենք գնահատում նրանց։
Այս մարդիկ մեր երկրին տվել են ամենաթանկ բանը՝ իրենց կյանքը։ Որ մենք, դուք, մյուսները ապրեն։ Նրանք ոչ ոքի այլևս պարտք չեն կարող լինել։
Պետության նկատմամբ ունեցած պարտավորությունները (կուտակված հարկեր, տուրքեր, տուգանքներ, այդ թվում ՃՈ և այլ) անվավեր ճանաչեք։ Իսկ մասնավորի (բանկերի, վարկային կազմակերպությունների) դեպքում կարելի է ստեղծել հատուկ ֆոնդ, որտեղից կմարվեն վարկային պարտավորությունները։
Մեխանիզմների ու դետալների վրա չկենտրոնանանք. ձևակերպումները օրենսդիրների գործն են։
Չասեք, որ դրա համար պետությունը ռեսուրս չունի։ Պետությունը միշտ էլ ռեսուրս կգտնի ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԻ համար։ Այդպես ասողներին մանրամասն ցույց կտանք ռեսուրսի տեղը՝ սկսած անիմաստ ու անօգուտ գործուղումներից, վերջացրած ծառայողական ավտոպարկով ու մնացած բաներով։
Իսկ մինչ այդ՝ բանկային ոլորտը կարող է սեփական նախաձեռնությամբ ինչ-որ բան անել։ Ասենք, «ջրել» փոքր վարկերը կամ սառեցնել վարկերի սպասարկումը։ Ճիշտ է, մասնավորը պարտավոր չէ նման բեռ վերցնել իր վրա, սակայն այդ բեռը մեր բանկային համակարգի համար ծանր չի լինի։
Համարեք սա կոչ, խնդրանք, խորհուրդ կամ պահանջ՝ ինչպես հարմար եք գտնում։ Քննարկեք, մշակեք, մեխանիզմներ առաջարկեք։
Բայց արեք՝ անհապաղ ու լիարժեք ձևով։ Որպեսզի որևէ զինծառայողի ընտանիք նամակ կամ հեռախոսազանգ չհասցնի ստանալ՝ բանկից կամ ԴԱՀԿ-ից։
Չէ՞ որ դա նվազագույն բանն է, որ կարելի է անել ՀԵՐՈՍՆԵՐԻ նկատմամբ։
Այս նյութը դիտել են - 1380 անգամ