Մարտակե՛րտ, իմ սիրելի՛ քաղաք, նորից քո գիրկը կանչի՛ր տարհանված բնակիչներիդ, համոզված եմ, որ բոլորն էլ կարոտ են ձայնիդ….Վաղը երևի կհանդիպեմ քեզ հետ, այլևս չեմ համբերում, բայց գիտեմ, որ մի նոր անհանգիստ ապրումներ կունենամ և այդ ճանապարհին նաև ինձ կփորձեմ հարմարեցնել այն մտքին, որ միշտ չէ ամեն մի հանդիպում գեղեցիկի զգացողություն ծնում մարդու մոտ:
Այս քանի օրերին, քեզանից ոչ շատ հեռու գտնվող մի գյուղում լինելով, հեռախոսի մյուս կողմից եկող ձայներն ինձ անընդհատ տեղեկացրել են քո բարձրակոչ հառաչանքների ու կորուստների մասին, որոնց համատեղ` սրտիս զարկերն են արագացել, փոթորկված հոգուս ալեբախումներն ավելի բարձր են արձագանք տվել:
Վաղը տոնական օր է՝ Ապրիլի 7-ը` Գեղեցկության տոն…
Բայց այս անգամ այն իր նշանակությունն ու խորհուրդը կորցրած կլինի, այնինչ այս վերջերն ուրախացել էի, որ դպրոցի ճանապարհս ասֆալտապատվել էր…
Ավելի ամուր թելերով կապվեցի քեզ հետ դեռևս 92-ին, երբ գերության մեջ ընկար: Մեկ տարի հետո նորից վերածնվեցիր և դժվարությամբ նորից քո շուրջը հավաքեցիր բնակիչներիդ մի ստվար մաս, բայց այս անգամ էլ վիրավորվեցիր, չնայած հուսով եմ, որ այս անգամ էլ նորից կկարողանաս հավաքել տարհանված բնակիչներիդ: Աշխարհի առջև սիրտդ լայն բացել էիր, սրտիդ սահմաններն ընդարձակել, որ համատարած սեր փռես ամենուր:
Երևի շատ էր այդ սերը, որ գնդակոծության թիրախ դարձրին քեզ, բնակիչներիդ փռեցին ամենուր: Այս օրերին ցերեկային թե գիշերային ողբերդ ինձ էին հասնում, մայրամուտի նվագներդ էին ամենուր տարածվել, լուսեղեն առասպելներ էի հյուսում քո մասին, հավերժությունդ հաստատող կանչեր էի հղում ամենուր, ապրում քո լուսավոր տեսիլքներով:
Սիրով ու կարոտով վաղը կգամ քո գիրկը` ցավից ու տառապանքից կոփված, ավելի ամուր ու հաստատակամ քայլերով, քան կայի մինչ այդ, իմ սրտի՛ ցավ, իմ կարո՛տ, իմ Մարտակե՛րտ…
Նատաշա Պողոսյան
Արցախի վաստակավոր մանկավարժ,
Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցի
հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի
Այս նյութը դիտել են - 1526 անգամ