«Արրրրաաաաաաաաաաաաաաա, դրա ժամանակը չի, ինչ ես տուֆտում»,- սա այդ ոհմակի ամենամեղմ արձագանքն էր իմ գրառմանը:
Բայց ես հիմա էլ եմ կրկնում՝ գործող իշխանությո՛ւն, այդպես անխնա մի՛ թալանիր երկիրը, փոխարենը՝ զե՛նք գնիր:
Արժանին պետք է հատուցել հայ զինվորին, որը տեսել է իշխանավորների պահվածքը, նրանց ճոխ ու զեխության մեջ կորած տները և ունեցվածքը, բայց անհրաժեշտ պահին պաշտպանել է բոլորիս, այդ թվում՝ թալանչիներին։
Եվ ուրեմն, թալանելու եւ անհրաժեշտ չափով հայոց բանակը չզինելու օրվա իշխանության արարքը, մեղմ ասած, բարոյական չէ: Ինձ դասեր թող չտան նրանք, ովքեր դասալիքների, երկիրն ու ժողովրդին կողոպտողների պաշտպանն են: Այլ հասցե գտե՛ք, ա՛յ դեղնակտուցներ, որ զոմբիացած ուղեղով և ուղղորդված ձևով բացականչում եք՝ «Էդ պահը չիիիիիիիիիի….»: Ու հայհոյում եք: Ո՞ւմ: Նրան, ով հենց ձե՛ր ապագայի խորտակման հնարավորության մասին է ահազանգում:
Ես ինքնախաբեությամբ երբե՛ք չեմ զբաղվել ու չեմ զբաղվելու: Դո՛ւք զբաղվեք՝ որքան ուզում եք, ու ասեք՝ «Պահը չի»: Իսկ ե՞րբ է այդ պահը:
Խաղաղ ժամանակներում էլ եմ ասել՝ 21-րդ դարի հայաստանյան ԽՄԿԿ-ն իր՝ «Ժողովրդների հոր» հետ անխնա թալանում է երկիրը: Հիմա էլ եմ ասում եւ ասելու եմ մի՛շտ:
Հիմա, սակայն, մեկ այլ բանի մասին էլ եմ խոսելու՝ իմ դեմ հրահրելով փուչիկկարենների ու այս օրերին բրյուսելներում քարշ եկող աշոտյանների «ֆանատների» հերթական հայհոյանքաշաղախությունը: Եւս մի քանի դիտարկում՝ ի հեճուկս…
Կեղծ ու ձեւական եմ համարում վերջին օրերին «կամավորության» խանդավառ ու «թույն հերոսական» դրսեւորումները (ինչ խոսք, ազնիվ մղումներով ոտքի ելած մարդկանց սա չի վերաբերում): Այս ժողովրդին թատրոնի բեմ մի՛ հանեք՝ վասն ձեր քաղաքական նկրտումների (այդպիսով կանխում եք նրա ամենակարեւոր քայլը՝ ձեր դեմ համախմբումը): Դրանով դուք երկրում բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացման հարց չեք լուծում (ոչ էլ աղոթամոլությամբ եք լուծելու):
Սա մի ժողովուրդ է, որն առանց նայելու, թե ով է գահին նստած՝ ճակատագրական պահերին մի բռունցք է դառնում: Եվ պետք չէ նրան «օգտագործել» լրիվ այլ նպատակներով, ինչը «նախաձեռնողաբար» արեց Բաղրամյան 26-ը: Մի հասցե, որը, ինչպես իրավացիորեն նկատեց ՖԲ-ի իմ ընկերներից մեկը, չի կարողանում անել անգամ հնարավորը, փոխարենը ժողովուրդն անում է անհնարինը: Նպատակը պարզ էր՝ պատրանք ստեղծել, թե ժողովուրդը սատարում է գործող իշխանությանն ու նրա առաջնորդին (զրոյական վարկանիշ ունեցողներն առիթն օգտագործեցին «իշխանություն-հասարակություն» անդնդախոր վիհը «վերացնելու» համար, և կարծում են, թե վերացավ): Մինչդեռ ժողովուրդն, առանց սցենարային թամաշաների, մի՛շտ եղել է իր զինվորի, իր բանակի կողքին:
Կիմա Եղիազարյան
Այս նյութը դիտել են - 1336 անգամ