Ադրբեջանական կողմը ապրիլի 6-ին շարունակել է հրաձգային զենքից կրակել Լեռնային Ղարաբաղի սահմանի ողջ երկայնքով:
Այս մասին Ստեփանակերտում, ԼՂՀ պաշտպանության նախարարության օպերատիվ իրազեկման կենտրոնում քիչ առաջ հայտարարեց ՊԲ օպերատիվ բաժնի պետ, գնդապետ Վիկտոր Առստամյանը:
Վերջինս նշեց, որ հյուսիսային ուղղությամբ հակառակորդը կիրառել է 82 միլիմետրանոց ականանետեր, իսկ հարավային ուղղությամբ գործի են դրվել 60 միլիմետրանոց ականանետեր: «Բացի այդ, հյուսիսային կողմում տանկից ոչնչացվել է սանիտարական մեքենան, որը շարժվում էր՝ սպանվածներին դուրս բերելու համար:
Ապրիլի 6-ի առավոտյան հյուսիսային կողմում առանձին խմբեր, շուրջ 15 հոգանոց, մի քանի անգամ փորձ են արել հատել սահմանը և գրավել դիրքը: Հակառակորդի փորձերը անհաջողության են մատնվել»,-մասնավորեցրեց Առուստամյանը՝ նշելով, որ սանիտարական մեքենայում անձնակազմ չի եղել և որևէ մեկը չի տուժել:
Ապրիլի 1-ից 6-ն ընկած ժամանակահատվածում հայկական կողմը, ԼՂ ՊԲ օպերատիվ բաժնի պետի փոխանցմամբ, ունեցել է հետևյալ կորուստները. «Մահացել են 32 հոգի, որոնցից 8-ը սպաներ, 24՝ շարքային, ժամկետային զինծառայողներ։
Վիրավորվել է 121 հոգի, որոնցից 24-ը սպաներ, 97-ը՝ շարքային, ժամկետային զինծառայողներ, անհետ կորել է 25 հոգի»: Ինչ վերաբերում է Քարվաճառի դեպքերին, ապա Վիկտոր Առստամյանն ասաց, որ տարվում է ծառայողական քննություն՝ վերջնական որակավորում տալու դեպքին։ Նրա խոսքով՝ հարցին ավելի մանրամասն հնարավոր կլինի անդրադառնալ ծառայողական քննությունից հետո: Նյութի աղբյուրը ` hraparak.am
Այս նյութը դիտել են - 1275 անգամ