Այսօր Բեռլինում, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այլևայլ խնդիրների թվում ստիպված էր նաև հետևյալ խոստովանությունը հնչեցնել. «Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, մենք ՀԱՊԿ անդամ երկրներն ենք, և մեզ համար իրոք ցավալի է, որ Ռուսաստանն ու ոչ միայն Ռուսաստանը, այլ նաև այդ նույն կազմակերպությունում մյուս անդամները զենք են վաճառում Ադրբեջանին»։
Հատկանշական է, որ վերջին օրերին այս նույն միտքը՝ տարբեր ձևակերպումներով, երկրի ղեկավարն արտասանում է արդեն մի քանի անգամ: Երեկ Եռաբլուրում, զոհված հետախույզ-գնդացրորդ Սասուն Մկրտչյանի հուղարկավորության ժամանակ Սարգսյանը նշեց. «Ես պարտավոր եմ հայտարարել, որ մենք պատրանքներ չունենք, մենք չունենք հզոր հովանավորներ…»։ Դրանից առաջ էլ՝ ԵԱՀԿ երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ, Սարգսյանը թափանցիկ ակնարկ հնչեցրեց, երբ խոսում էր 1994թ. զինադադարի և 1995թ. զինադադարի ամրապնդման եռակողմ համաձայնագրերի շրջանակում մնալու անհրաժեշտության մասին: Նա բառացիորեն ասաց․ «Կարծում եմ՝ այստեղ մեծ դեր ունեն այն ժամանակվա միջնորդները, ովքեր, իմ կարծիքով, հանդիսանում են նաև զինադադարի ռեժիմի պահպանման երաշխավորներ...»:
Հայաստանի իշխանությունները խորը հիասթափություն են ապրում: Հիասթափված են ոչ միայն հետևանքներից, այլ նրանից, ինչ կատարվում է հենց հիմա: Արձանագրելով, որ փաստացի Մոսկվան Երևանն ու Բաքուն դիտարկում է նույն հարթության վրա և չկա ստրաստեգիական դաշնակից հասկացության որևէ դրսևորում, այսօր էլ եղածին պիտի գումարեն փաստը, որ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը վաղը պիտի ժամանի Հայաստան, իսկ այնուհետև անմիջապես մեկնի Ադրբեջան, թեև նախնական ծրագրերում երկրորդ երթուղին բացակայում էր: Սրա առիթով ռուս վերլուծաբաններն անմիջապես կարծիք հայտնեցին, որ միայն Հայաստան գնալը կարող է ընկալվել որպես Ռուսաստանի միակողմանի քաղաքական աջակցություն պաշտոնական Երևանին, իսկ ռուսները դա չեն ցանկանում:
Սերժ Սարգսյանը սա տեսնում ու գնահատում է: Բայց դա դեռ բավարար չէ: Պիտի վրա հասնի հետևություններ անելու և դրանցից բխող քայլեր ձեռնարկելու պահը: Ի՞նչ որոշում կկայացնի նա: Արդյո՞ք Հայաստանը կխմբագրի իր արտաքին քաղաքականության վեկտորը։ Եվ ի՞նչ կարժենա մեզ այս սրբագրումը: Սովորաբար, հիասթափությունները չեն ուղեկցվում նոր ոգևորություններով: Բայց նույնիսկ ամենահիասթափվածներն էլ գիտեն, որ երկու անգամ նույն սխալը թույլ տալ չի կարելի: