Սիրելի´ կանայք, պատմության մեջ միշտ էլ առանձնահատուկ դեր է վերապահված եղել Ձեզ: Դուք Ձեր անկրկնելի գեղեցկությամբ, հարուստ ներաշխարհով և հմայիչ լինելու բոլոր գաղտնիքներին կատարելապես տիրապետելու շնորհիվ ներշնչանքի մշտական ակունք եք եղել բազում արվեստագետների համար, որոնք անզուգական գլուգործոցներ են արարել՝ ձոնված կնոջը, մորը, մայրությանը:
Այսօր էլ դժվար է պատկերացնել կյանքը՝ առանց Ձեր շքեղ ներկայության, առանց Ձեզնից ճառագող կենարար լույսի ու ջերմության:
Մայրապաշտությունը միշտ էլ մեր ժողովրդի ամենաբնութագրական հատկանիշներից մեկն է եղել: Մենք մեր մայրերին միշտ էլ սիրո, հիացմունքի ու երախտագիտության պատվանդանին ենք պահել, պաշտել նրանց, ծնրադիր խոնարհվել նրանց առաջ, քանզի մորը համարել ենք ընտանիքի պահապան հրեշտակը, որին էլ Աստծո ողորմածությամբ վերապահված է գերդաստանի և ազգի շարունակությունն ապահովելու առանձնաշնորհը:
Թերևս դա է պատճառը, սիրելի´ մայրեր, որ յուրաքանչյուր հայ տղամարդ Ձեր երջանկությանը նպաստելուն առավելագույն ջանքեր գործադրելը պատվի հարց է համարում, իսկ երբ ոչ միշտ է սպասված արդյունքի հասնում, մեղավորության զգացումը չի լքում նրան:
Հայ մայրերը նաև քաջեր ծնող, հերոսներ ծնող մայրեր են, իրենք էլ` հերոսներ են: Դա ապացուցվել է 1989-94 թվականների արցախյան պատերազմի օրերին, դա ապացուցվեց վերջին այս օրերին:
Բայց վստահաբար հավաստիացնում ենք Ձեզ, սիրելի´ կանայք, որ անելու ենք անհնարինն անգամ, որ Ձեր վաղվա օրը առավել ապահով ու պայծառ լինի: Եվ այդ լավատեսությամբ էլ ջերմորեն ու սրտանց շնորհավորում եմ Ձեզ մայրության և գեղեցկության տոնի առթիվ, մաղթում քաջառողջություն լիարժեք երջանկություն և տոնական տրամադրություն: Սեր, խաղաղություն ու ներդաշնակություն Ձեր ընտանիքներում:
Հարգանքներով` Էջմիածնի քաղաքապետ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ