Վանաձորում այսօր տեղի ունեցավ պայմանագրային զինծառայող, 35-ամյա Կարեն Դավթյանի հոգեհանգիստը:
Կարեն Դավթյանը, հարազատների խոսքերով, մահացել է դժբախտ պատահարի հետևանքով երեկ՝ ապրիլի 5-ին՝ Քարվաճառում:
Hraparak.am-ի թղթակցի հետ զրույցում Կարենի հարևանները պատմեցին, որ Կարենը իր զինակից ընկերների ետ իջնելիս է եղել սարից, երբ ինչ-որ պատճառով ձնահոսք է եղել, որի հետևանքով Կարենը մնացել է ձյան զանգվածի տակ ու 100 մետր ցած գլորվել, ինչի հետևանքով էլ տեղում մահացել է: Կարենի ծառայակից ընկերներից մեկն էլ պատահարի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել: Պայմանագրային զինծառայող Կարենը 2 մանկահասակ երեխաների հայր էր, երեխաներից փոքրը՝ տղան, 1 տարեկան է, աջիկը՝ 4:
Կարենի եղբայրը ևս ծառայում է ԼՂՀ-ում: Սոցիալական ծայրահեղ ծանր պայմաններում բնակվող Կարենի ընտանիքի կերակրողը հենց ինքն էր, բնակվում էին վարձով: Հարևանները պատմեցին, որ դպրոցում Կարենը շատ լավ է սովորել, սակայն ֆինանսական ծանր վիճակի պատճառով կրթությունը չի շարունակել, սկսել է աշխատել ու միայնակ պահել ընտանիքը:
12 տարվա զինծառայողը սահմանային ծառայությունից վերադառնալուց հետո նաև գիշերներն աշխատում էր Վանաձորի հացի փռերից մեկում՝ ընտանիքն ինչ-որ կերպ պահելու համար: Հոգեհանգստին ներկա էին հարյուրավոր վանաձորցիներ, Կարենի ծառայակից ընկերները:
Կարենի ծնողներն ու եղբայրներից մեկը առողջական խնդիրներ ունեն, իսկ նա կերակրում էր թե՛ ծնողներին ու թե երեխաներին ու կնոջը, իսկ թե ինչ կլինի վաղը այս ընտանիքի հետ՝ անորոշ է:
Հոգևորականի կողմից մատուցված հոգեհանգստի կարգից հետո` լռության մեջ, հարևան սենյակից, մի պահ լսվեց Կարենի փոքրիկ տղայի ձայնը, ով «պապա» էր կանչում, իսկ հավաքված համազգեստավոր ամբոխի մեջ 4-ամյա աղջիկը փնտրում ու փնտրում էր հայրիկին:
Այս ամենի հետ, տարօրինակ է, սակայն, որ պայմանագրային զինծառայող Կարեն Դավթյանի մահվան մասին պաշտոնապես մինչ այս պահը տվյալներ չեն հաղորդվել, հավաքվածները այս մասին խոսելիս նշում էին, որ պատճառը գուցե դեպքի՝ որպես դժբախտ պատահար գրանցվելու հետ է կապված:
Ալեն Գրիգորյան, Լոռի
Նյութի աղբյուրը ` hraparak.am
Այս նյութը դիտել են - 1419 անգամ