Ոչ ոք հստակ չգիտի, թե որտեղ է գտնվում «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա դարձել է մեր քաղաքական դաշտի անորսալի վրիժառուն՝ մերթ այստեղ է, մերթ՝ այնտեղ, բայց ավելի հաճախ՝ այնտեղ, որովհետև այստեղ երկար մնալը ապահով չէ, հատկապես այն օրերին, երբ երկիրդ պատերազմի մեջ է: Դրա համար էլ Րաֆֆին նախըտնտրում է հարաբերվելու մեկ այլ տարբերակ՝ նամակագրությունը:
Այսօր էլ նա անհայտ անկյուններից մի կոչ է հղել իր տառապյալ ժողովրդին, ինչից կարելի է կռահել, որ նրան տեղեկացրել են, թե ինչ է կատարվում Արցախում ու Հայաստանում: Եվ դարդոտած ու սրտնեղած ազգային գործիչը անհապաղ դիմել է իր մոլորված հայրենակիցներին. «Մեր ազգի համար բախտորոշ այս խաչմերուկում բոլոր հայերը և համայն աշխարհի ազատատենչ մարդիկ պետք է միասնական լինեն մեր պապենական բնօրրանի պաշտպանության հարցում... Մենք կանգնած ենք մեր քաջարի զինվորների կողքին ամեն առումով, և ընկած հերոսների ընտանիքների վիշտը զգում ենք՝ ինչպես սեփականը»:
Թե հատկապես որ զինվորի կողքին է կանգնած Րաֆֆի Հովհաննիյանը և ինչու նրան ոչ ոք չի տեսնում, դա միայն իրեն է հայտնի: Սակայն «Ժառանգության» անտեսանելի առաջնորդը այդքանով բավարարվողը չէ: Ու շարունակում է. «Մեզնից ամեն մեկը յուրովի մարտադաշտում է՝ հանուն մեր ազատության, արժանապատվության և ամբողջականության»,- ասում է նա:
Դժվարին գլուխկոտրուկի առաջ է կանգնեցնում իր յուրայիններին ու մեզ Հովհաննիսյան ՐաֆՖին: Հերիք չէ, որ նրա գտնվելու վայրի մասին տեղեկություններ չկան, հիմա էլ պիտի կռահումներ անենք, թե որ մարտադաշտում է նա գտնվում, որ երկրի համար է մարտնչում, և արդյո՞ք տեղեկացրել են նրան, որ ներկա պահին հրադադար է: