2rd.am -Պարոն Սողոմոնյան, ինչպես հայտնի է, սահմանադրական փոփոխությունների անցած հանրաքվեի ընթացքում արձանագրվեցին բազմաթիվ կոպիտ խախտումներ, այդ թվում՝ քվեաթերթիկների լցոնումներ, ընտրակաշառքի համատարած բաժանում, մասսայական «կարուսելներ», անվերահսկելի քվեարկություն լրացուցիչ ցուցակներով և այլն։ Ի՞նչ եք կարծում, այդ ամենը ի՞նչ հետևանքներ կունենա ներքաղաքական իրավիճակի և ընդհանուր առմամբ` մեր երկրի ապագայի համար։
Վ.Սողոմոնյան -Դեկտեմբերի 6-ի ամբողջ օրը մենք ուշադրությամբ հետևել ենք քվեարկության ընթացքին, իսկ այնուհետ՝ ձայների հաշվարկին ու արդյունքների հրապարակմանը: Տեղի ունեցածը դժվար թե կարելի է անվանել սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ժողովրդի կամարտահայտում: Տարբեր քաղաքական կուսակցությունների, հասարակական շարժումների, դիտորդների և լրատվամիջոցների կողմից արձանագրված կոպիտ խախտումների համատարած բնույթը հասարակական ընկալման մեջ հանրաքվեի արդյունքները զրկում է լեգիտիմությունից: Այդպիսի ընկալման հետևանքները հղի են երկրի ապագայի համար բազմաթիվ վտանգներով: