ՀՀԿ-ական իմաստուններ. Խորը վերլուծեք ասածս. Հասցրեք ձեր Նախագահին...
2016-04-07 14:05:00

Սերժ Սարգսյան: 

 Մեծատառերով եմ գրում անունդ, որպես հին հիշողության թարմացում:

Հայկը, Շանթենք, Գևորգն ու մնացածը անձամբ քո դեմ ոչինչ չունեն: Նրանց կռիվը Հայաստան ՊԵՏՈւԹՅԱՆ կայացման համար է, որին դեմ է գաղութարար Կրեմլը, որի ծրագրերը Հայաստանում իրագործում ես դու ու քո գլխավորած «վերնախավը»:

Չորսօրյա պատերազմական գործողությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ տղերքն արդար են:

Որ նրանց զնդանում պահելը նույնն է, ինչ քո «հայրենիք» կամավոր մեկնողներին, որոնց մեծ մասը պատրաստ էին իրենց կյանքը զոհելու գնով ռուսաստանի հրահրմամբ Հայաստանի վրա հարձակված ազերիների առաջն առնելու, դատես հասարակական կարգը խախտելու մեղադրանքով:

Հիմա իսկը ժամանակն է, որ բանտերից ազատ արձակես բոլորին անխտիր:
Որպես քայլ դեպի ժողովրդի հետ ՄԻԱՍՆՈւԹՅԱՆ:

Քայլ, որն իր մեջ իրավիճակին համարժեք քաղաքական նուրբ ասելիք ունի բոլորին:
Քայլ, որը ձեզ բոլորիդ կարժևորի և՛ Կրեմլի տերերի, և՛ ողջ միջազգային հանրության աչքում: Եվ նաև հայ հանրության համար:

Առջևում ծանր փորձություններ են սպասվում բոլորիս: Այս չորսօրյան հնարավոր է դառնա մանկական կռիվ-կռիվ այն բանի համեմատ, երբ ազերիները ռուս բազմափորձ ռազմական մասնագետների հետ կքննարկեն այս «հետախուզություն մարտով» կամպանիայի թերություններն ու հաջորդ անգամ կշտկեն թերությունները: Ու կգործարկեն ոչ թե 20 տանկ 200-ից, կամ 2 ուղղաթիռ հարյուրներից, ու նպատակն էլ կլինի ոչ թե փոխհամաձայնեցված հինգ շրջանների գրավումը, այլ հաղթանակը մինչև «ազերէրիվան»:

Ու էս հնարավոր փորձության դեմ նաև որպես քաղաքական քայլ կդառնա տղաների ազատ արձակելը:

ՀՀԿ-ական իմաստուններ:
Խորը վերլուծեք ասածս: Հասցրեք ձեր Նախագահին:
Միասին կայացրեք ու իրականացրեք այս ազգօգուտ որոշումը:
Նաև հենց ձեր իսկ քաղաքական շահի համար:

Կից՝ Արմենակ Կյուրեղյանի այսօրվա գրառումը իր ՖԲ էջում
Armenak Kyureghyan
5 ժամ ·
Այսօր հեռախոսազրույց ունեցա որդուս՝ Հայկի հետ. Նա խորապես մտահոգված է Արցախի դեպքերով: Ափսոսում է, որ ազատության մեջ չէ և չի կարող հայրենիքի պաշտպանել, որ ճակատ են մեկնում Արցախյան ազատամարտի վետերանները, որոնք ժամանակին ամեն ինչ տվել են հանուն մեր հայրենիքի և հիմա պատրաստ են վերջին կռվի: Իսկ ես խորոպես ափսոսում եմ, որ որդիներիս և մեր երիտասարդ սերունդին ժառանգություն թողեցինք մի երկիր, որտեղ նրանք իրենց կյանքի, ազատության և երիտասարդ տարիների գնով պետք է անեն այն, ինչ մենք չարեցինք:
Այս նյութը դիտել են - 1587 անգամ