Նամակ` ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային
2016-04-08 01:41:00

ԱՄՆ-ի Կոնգրեսում Հայկական հարցերով հանձնաժողովը նամակ է հղել նախագահ Օբայաին, որտեղ ասված է, որ 1994 թվականին կնքված զինադադարից ի վեր Ադրբեջանի կողմից իրականացված ամենածանր հարձակման փաստի կապակցությամբ հանձնաժողովը կոչ է անում նախագահին ձեռնարկել համապատասխան քայլեր:

“Մենք խնդրում ենք Ձեզ դատապարտել Ադրբեջանի ագրեսիան, դադարեցնել Ադրբեջանին հատկացվող ռազմական օժանդակությունը, Լեռնային Ղարաբաղին հատկացնել արտակարգ իրավիճակների համար նախատեսված օգնություն եւ Պետդեպարտամենտի փաստահավաք առաքելություն ուղարկել` Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում ավերածությունները եւ վերակառուցողական անհրաժեշտ աշխատանքները գնահատելու նպատակով”:

Նախագահ Բարաք Օբամային հղված նամակում կոնգրեսականները նաեւ նշում են, որ իրենք մտահոգված են այն հանգամանքով, որ նախագահ Ալիեւը վերջին այս հարձակումն իրականացնելու որոշումը կայացրել էր ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդընի եւ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ Վաշինգտոնում անցկացրած հանդիպումից մի քանի ժամ անց, “այն դեպքում, երբ նրանք բացահայտ կերպով կոչ էին արել շարունակել խաղաղ գործընթացը, գտնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը ոչ բռնի եղանակներ”:

Նամակում ասված է, որ Ադրբեջանի հարձակումները ներակայացնում են նախագահ Ալիեւի ագրեսիվ քաղաքականության, հակահայկական ատելություն սերմանելու կործանարար բնույթը:

“Այս քայլը նաեւ արտացոլում է միջազգային համայնքի կողմից անպատժելի մնալու նրա ցանկությունը, ինչը բացահայտվել էր կրակի ուղղությունը որսացող սարքեր տեղադրելու առաջարկը Ադրբեջանի կողմից մերժում ստանալու փաստով":

Հանձնաժողովի նամակը հիշեցնում է, որ Ռոյս-Էնգել անվանումը ստացած խաղաղության այս առաջարկն աջակցություն էր ստացել Օբամայի վարչակազմի կողմից:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային Ներկայացուցիչների պալատի հայկական հարցերով հանձնաժողովի կողմից հղված նամակը եզրափակում է հետեւյալ պարբերությունը.

“Մենք կոչ ենք անում Ձեզ հրաժարվել կեղծ հավասարություն դնելու ԱՄՆ-ի ներկա խեղաթյուրված քաղաքականությունից: Հետագա հարձակումները եւ տարածաշրջանային անկայունությունը կանխելու հարցում ԱՄՆ-ի ազգային շահերից ելնելով` հորդորում ենք դադարեցնել Ադրբեջանին հատկացվող ռազմական ամբողջ օժանդակությունը, եւ հավատարիմ մնալով ամերիկյան արժեքներին, կոչ անում Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությանը հատկացնել առաջին օգնություն եւ երկարաժամկետ օժանդակություն”:

ԱՄՆ-ի Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնաժողովը նմանօրինակ նամակ է հղել նաեւ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հատկացումների հանձնաժողովին:

Այս նյութը դիտել են - 1559 անգամ