Լայնածավալ պատերազմի դեպքում մենք մարդկային կորուստներ կունենանք, բայց Ադրբեջանը կոչնչանա...2016-04-08 00:49:00
Ապրիլի 1-ի գիշերվանից Արցախում Ադրբեջանի սանձազերծած մարտական գործողությունների ու դրանից հետո առաջացած վիճակի շուրջ ռազմական փորձագիտական գնահատական ստանալու համար «Անկախը» զրուցել է Արցախի հերոս, գեներալ մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի հետ:
- Պարո՛ն գեներալ, խոսենք Արցախում այս օրերին ծավալվող մարտական թեժ գործողությունների մասին. Ձեր դիտարկմամբ՝ ի՞նչ ուժեր է կենտրոնացրել թշնամին Արցախի դեմ և ի՞նչ խնդիրներ է փորձում լուծել այդ ուժերով:
-Առայժմ ես ճշգրիտ տվյալներ չունեմ, թե ինչ ուժեր է կենտրոնացրել ադրբեջանական կողմը, բայց դրանք այն ուժերն ու միջոցները չեն, որոնցով կարելի է իրականացնել լայնամասշտաբ պատերազմական գործողություններ: Սովորաբար ժամանակակից մարտավարության և ռազմարվեստի սկզբունքներով, երբ մի կողմը պատրաստվում է լայնածավալ ագրեսիայի մեկ այլ կողմի նկատմամբ, նախևառաջ իր ուժերի և միջոցների վերահաշվարկ է անում, այնուհետև այդ ուժերն ու միջոցները կենտրոնացնում է համապատասխան շրջաններում:
Այնուհետև, նախապես ունենալով հարձակման հիմնական ուղղությունները, այդ ուղղություններով 1 օր՝ 24 ժամ կամ 2 օր՝ 48 ժամ և ավելի ինտենսիվ հրետանային նախապատրաստություն է տեսնում: Դա ռազմարվեստի նոր փուլ է, որն ընթանում է 1945 թվականից սկսած. արդեն զինվորներն ու տանկերը սկզբից առաջ չեն գնում: Հրետանային նախապատրաստությամբ հարձակվող կողմը փորձում է թուլացնել հակառակորդի պաշտպանության առաջնագիծը, տակտիկական խորությունների վրա չեզոքացնել ռեզերվները, շարքից հանել կենդանի ուժերն ու միջոցները, ռազմական ու պաշտպանական ենթակառուցվածքները: Այդ կերպ ոչնչացվում է հնարավոր ամեն բան, ու դրանից հետո փոքր ռեսուրսներ են մնում, որոնց հետագա ոչնչացման հավանականությունն ավելի մեծ է:
Իսկ ի՞նչ է տեղի ունենում Արցախում հիմա: Հակառակորդի՝ մարտի նետած ուժերի ու միջոցների մասին հստակ դատել հնարավոր չէ, մենք այսօր չենք կարող վստահ պնդել՝ հակառակորդը գո՞ւնդ է օգտագործել, բանակային կորպո՞ւս, թե՞ այլ միավորում: Նրանց ոչ թե հիմնական, այլ փոքր ուժերը նետվեցին ճակատ, դրանք գրոհեցին մեր առաջնագիծը:
- Ի՞նչ է դա նշանակում ռազմական լեզվով, ի՞նչ է ցույց տալիս:
- Դա ռազմական լեզվով կոչվում է լայնամասշտաբ հետախուզական գործողություններ՝ մարտով: Նրանց խնդիրը մեր տերիտորիայում գտնվող միջոցները և ուժերը ճշտելն էր, ինչը նրանք կատարեցին: Բայց այստեղ մի նրբություն կա. նրանք հիմնականում գրոհեցին մեր ամենաուժեղ դիրքերը՝ հյուսիսն ու հարավը, իսկ այն դիրքերը, որոնք տանկային անցումների, օրինակ՝ գումարտակի կազմով տանկային ստորաբաժանումների բացազատման, հետևակի գրոհի առումներով ավելի նպաստավոր էին, այդ հատվածներում նրանք նման հետախուզություն չանցկացրեցին: Թե ինչու, մեր ռազմական ղեկավարությունը, որը բավական կուռ և արհեստավարժ թիմ է, պետք է վերլուծի և հասկանա: Վստահ եմ, որ այդ վերլուծությունը կլինի, ու մերոնք կհասկանան, թե որ հարցերում են եղել թերություններ, որոնք են մեր ուժեղ կողմերը, առավելությունները և այլն: Այս դառը դասը, իմ խորին համոզմամբ, մեր դիրքերն առավել ամրապնդելու հնարավորություն կտա: Ինչո՞ւ եմ այս ամենն ասում, որովհետև ամենուր հնչում են կարծիքներ, թե լայնածավալ պատերազմ է և այլն: Ես այդ կարծիքին չեմ:
- Դուք նշեցիք, որ թշնամին իր գլխավոր նպատակին՝ հետախուզությանը մարտով, հասել է, ի՞նչ եք կարծում, ի՞նչ է պարզել, ի՞նչ ցույց տվեցին այս մարտերը մեր կողմից:
- Այդ մարտերով թշնամին տեսավ, որ մեր բոլոր համակարգերն աշխատեցին՝ ՀՕՊ-ը աշխատեց, հրետանին աշխատեց, տանկերն աշխատեցին, հակատանկային միջոցները աշխատեցին, կապի համակարգն աշխատեց, առաջնագծում անձնակազմի կառավարման համակարգերն աշխատեցին. բոլոր համակարգերն անխափան աշխատեցին: Այսինքն՝ թշնամին տեսավ, որ գործ ունի կազմակերպված պաշտպանության համակարգի հետ: Բացի այդ, նրանք փորձարկեցին թուրք հրահանգիչների կողմից պատրաստված ստորաբաժանումները: Բայց նրանք հասկացան, որ իրենց դեմ կանգնած է Արցախի մարտունակ բանակը:
- Ի՞նչ դասեր է մեզ տալիս այս իրավիճակը, ո՞ր ուղղություններով պետք է հետագայում շարունակենք կատարելագործել ու զարգացնել մեր հնարավորությունները:
- Սա մեզ համար խիստ ցավոտ դաս էր՝ մարդկային կորուստներով: Եվ ասել, թե այսինչ դասը կտա և այլն, մենք չէ, որ պետք է քննարկենք: Ոչ ոք իրավունք չունի նստել Երևանում ու ասել, թե այսինչ բանը ճիշտ էր, այսինչ քայլը՝ սխալ, ես էլ չունեմ նման իրավունք: Նրանք, ովքեր այս պահին առաջնագծում են, նրանք, վստահ եմ, իրենց համար հետևություններ արել են ու դեռ կանեն, ու հենց նրանց էլ ամեն ինչ տեսանելի է: Բայց հաջողության հետագա ամրապնդման և մարտունակության բարձրացման համար, հաշվի առնելով թշնամու գործողությունները, որ կարող է հանկարծակի հարձակվել և այլն, մեզ անհրաժեշտ է այնպիսի ստրուկտուրաներ մշակել՝ փոքր ու շարժունակ հատուկ ստորաբաժանումներ, որոնք կլինեն ռեզերվում, բայց ամեն վայրկյան կկարողանան աջակցել հիմնական զորամիավորումներին, կատարել դիվերսիոն-հետախուզական առաջադրանքներ:
Այսինքն՝ ակտիվ ռեզերվի այդպիսի մի կորիզ պետք է ունենալ: Դա, կարծում եմ, ավելի բարձր արդյունավետություն կունենա. պատրաստել 40-50 հոգանոց նման խմբեր, որոնք անհրաժեշտության դեպքում կկատարեն հատուկ առաջադրանքները: Մեր երկրի համար, մեզ բոլորիս համար ամենակարևորն այն էր, որ մեր ազգը միավորվեց, մեր ազգաբնակչության բոլոր հակասություններ ունեցող կամ մրցակցող շերտերը միահամուռ հանդես եկան մեկ դիրքորոշմամբ, մեր հազարավոր հայրենակիցներ զենք վերցրին ու մեկնեցին առաջնագիծ: Այսինքն՝ ազգի միասնականությունը դրսևորվեց: - Ձեր կարծիքով՝ կա՞ արդյոք հավանականություն, որ այս մարտական գործողությունները կվերաճեն լայնածավալ պատերազմի:
- Գիտե՞ք, կարծում եմ, որ Ադրբեջանը չէր ուզում անգամ այս գործողությանը գնալ, էլ ուր մնաց լայնածավալ պատերազմի. սա Ադրբեջանի շահերից չի բխում: Որովհետև արդեն նշեցի, լայամասշտաբ պատերազմ սկսելու համար Ադրբեջանը պետք է հրետակոծության ենթարկի մեր տարածքները, ինչը կարող է տևել 1 օր, 2 օր և ավելի: Այնինչ, հայկական կողմից Ադրբեջանը վերացնելու համար կպահանջվի ընդամենը մի քանի րոպե: Չմոռանանք՝ Բաքուն նստած է պայթյունավտանգ «նավթի տակառի» վրա, ու մեկ-երկու հրթիռը լիովին բավարար են:
- Եթե, Աստված չանի, այս մարտական գործողությունները վերաճեն լայնածավալ պատերազմի, կողմերն ի՞նչ հնարավորություններ ունեն:
- Այս օրերին մեր բոլոր զորամիավորումները, լինեն դրանք գումարտակներ, գնդեր, կորպուսներ և այլն, իրենց առջև դրված բոլոր խնդիրները կատարեցին: Եթե գործողությունները, այնուամենայնիվ, վերաճեն լայնածավալ պատերազմի, ապա մեր ամենաթանկ կորուստները կլինեն մեր մարդկային ռեսուրսները: Հայաստանում չկան այնպիսի ստրատեգիական օբյեկտներ, որոնք թշնամին կարող է խոցել ու դրանով ինչ-որ լուրջ հաջողությունների հասնել:
Միակ նման օբյեկտն ատոմակայանն է, այն էլ ԱԷԿ-ի քամիների վարդն այնպիսին է, որ անընդհատ ուղղված է դեպի Թուրքիա, այսինքն՝ Թուրքիայի համար այդ դեպքում այնքան էլ հաճելի հեռանկար չի բացվի: Ընդհանրացնեմ. որքան էլ ծանր լինի, որքան էլ շատ ավերածություններ լինեն, Հայաստանը կվերապրի այդ ամենը, իսկ Ադրբեջանը, որպես պետություն, ուղղակի չի լինի: Օրինակ՝ նավթամուղների կամ գազամուղների պես ստրատեգիական նշանակության օբյեկտները կամ նավթահորերը խոցելու միջոցով նրանց եկամուտների հիմնական աղբյուրից զրկելուց հետո կհետևի Ադրբեջանի էթնիկ խմբերի ոտքի ելնելը, ինչին Ադրբեջանը չի դիմանա:
ankakh.com
Այս նյութը դիտել են - 1877 անգամ