Մեկնարկել է Լեռնային Ղարաբաղի Ազգային հերոս Սամվել Բաբայանի վերադարձը պահանջող բաց նամակի տակ ստորագրահավաքը, տեղեկացնում է «Սամվել Բաբայան. վերադարձ» քաղաքացիական նախաձեռնությունը:
Լեռնային Ղարաբաղի նախագահին և Հայաստանի իշխանություններին հասցեագրված բաց նամակում, մասնավորապես, ասված է.- «Այս շրջանում անհրաժեշտ է կողք դնել բոլոր ներպալատական խարդավանքները և գործել՝ ելնելով բացառապես հայրենիքի շահերից։ Տարակուսանք է առաջացնում այն, որ ԼՂՀ Ազգային հերոս, Պաշտպանության բանակի հիմնադիր ու առաջին հրամանատար Սամվել Բաբայանի ահռելի փորձառությունն ու հմտություններն այսօր պահանջված չեն հայրենի իշխանությունների կողմից։
Այս մարդն, ով ազերիների թիվ մեկ սարսափն էր, չնայած տարիներ շարունակ ընթացող ստահոդ հակաքարոզչությանը, այսօր արցախյան հաղթանակի կենդանի լեգենդ է։ Ներկայիս՝ անկանխատեսելի հանգուցալուծումներով լի իրավիճակում ստեղծվել է Սամվել Բաբայանի վերադարձի օրհասական անհրաժեշտություն։ Մենք՝ ներքոստորագրյալներս, դիմում ենք ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանին և ՀՀ իշխանություններին՝ Սամվել Բաբայանին Լեռնային Ղարաբաղ հրավիրելու պահանջով։ Այժմ հերոսներին անարգելու՝ մեզ բնորոշ արատավոր ավանդույթը շարունակելու ժամանակը չէ՛»։
Սամվել Բաբայանը, հիշեցնենք, վերջին տարիներին բնակվում է Մոսկվայում:
Այս նյութը դիտել են - 1719 անգամ