Բացահայտվեց Ղարաբաղը հանձնելու ռուսական ծրագիրը...
2016-04-08 05:05:00
Ահա և վերջ, կարելի է ասել, որ բացահայտվեցին Պուտինի` ռուսական միջնորդության պտուղները:

Բաքու կատարած այցի արդյունքներով ղարաբաղյան բանակցությունների վերաբերյալ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հարցազրույց է տվել ՏԱՍՍ գործակալությանը, որում խոսելով Ռուսաստանի առաջարկների ու ձեռնարկելիք միջոցների մասին, բացահայտել է, թե ինչի շուրջ է բանակցում Ռուսաստանը կողմերի հետ: «Նախագահ Պուտինը, իսկ մինչ նա նախագահ Մեդվեդևը ակտիվորեն առաջ են քաշել տարբեր գաղափարներ, որոնք թույլ կտան ապաշրջափակել իրավիճակը Ղարաբաղի շուրջ շրջաններն ազատելու միջոցով, Ղարաբաղի կարգավիճակի հարցի որոշմամբ: Չեմ ցանկանում տրվել մանրամասներին, սակայն մի քանի տարբերակներ սեղանին մնում են: Մեր ջանքերը շարունակելու ենք»,- ասել է Լավրովը:

Հիմա պարզ են, թե ինչ են իրենցից ներկայացնում ռուսական կողմի «ջանքերը»: Դրանք ոչ ավել, ոչ պակաս` «ազատագրված տարածքները» Ադրբեջանին հանձնելու Կրեմլի ծրագիրն է: Ու պատահական չէ, որ այս օրերին այսպես կոչված` «հրադադարը» խախտվում է: Ռուսական կողմը ճնշումներ է գործադրում հայկական կողմին` զուգահեռաբար իր դավաճանական պլանն է առաջ տանում:

Ինչ էր խոսում Լավրովը Բաքվում… Ռուսաստանն ու Ադրբեջանը ռազմավարական գործընկերներ են ու ակտիվորեն համագործակցում են անվտանգության ասպարեզում։ «Մենք Ադրբեջանի և Իրանի հետ ունենք վաղեմի սերտ և բարեկամական հարաբերություններ, Բաքվի և Թեհրանի հետ մեր երկկողմ կապերի օրակարգում տնտեսության, անվտանգության, ահաբեկչության և թմրադեղերի տարածման դեմ պայքարի, ինչպես նաև Կասպիցում ենթակառուցվածքային ծրագրերի զարգացման հարցեր են»,- ասել է Լավրովը։

Բայց «Ղարաբաղի շուրջ շրջաններն ազատելը», թերևս միակ նորությունը չէ: Ռուսական կողմը վստահաբար ռուս խաղաղապահների տեղակայման խնդիր էլ կլուծի: Պատահական չէ, որ Գերմանիայում գտնվող Սերժ Սարգսյանը գերմանական Deutsche Welle հեռուստառադիոընկերության թղթակից Նիկիտա Ժոլկվերի հետ զրույցում խոսել է խաղաղապահների տեղակայման թեմայով:

Մասնավորապես՝ լրագրողի այն հարցին, թե ինչու հայկական կողմը չի ցանկանում, որ հակամարտող կողմերին բաժանեն խաղաղապահները, օրինակ՝ ռուսները, Սերժ Սարգսյանը նշել է, որ իրենք երբեք դեմ չեն եղել դրան, սակայն կարծում են, որ այդ հակամարտությունը պետք է ամբողջությամբ և վերջնականապես լուծվի։ «Ընդհակառակը, մենք պատրաստակամություն ենք հայտնել ստորագրել համապատասխան փաստաթուղթ, որը կնախատեսի այդ հակամարտության համապարփակ կարգավորում, այդ թվում՝ նաև երկու կողմերի միջև խաղաղապահների ներկայությունը։ Սակայն ադրբեջանցիները դա չեն ցանկացել»,- ասել է ՀՀ Նախագահը:

Ահա և բացահայտված է Մոսկվայի ծրագիրը: Ամիսներ շարունակ պաշտոնական Բաքվի կողմից հնչող հայտարարությունները, թե Լավրովն առաջարկություններ ունի, փաստացի, սրանք էին:

Մետաքսյա Շալունց
hayeli.am
Այս նյութը դիտել են - 1543 անգամ