Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրիի այցը Բաղդադ շատերի համար անսպասելի էր: Վերջին անգամ Քերրին այստեղ այց է կատարել 2014-ին:
Ասուլիսի ընթացքում պետքարտուղար Քերրին ընդգծել է, որ Միացյալ Նահանգները շարունակելու է աջակցությունը Իրաքի իշխանություններին, այդ թվում՝ «Դաեշ»-ի դեմ պայքարում: Քերրիի խոսքով, «Դաեշ»-ի ահաբեկիչները ԱՄՆ-ի գլխավորած դաշինքի ուժերի հարվածների տակ հետ են մղվում.
«Առաջիկա ամիսներին դաշինքն աշխատելու է Իրաքի հետ՝ ճնշումն է՛լ ավելի ավելացնելու համար: Մենք շարունակելու ենք թիրախավորված կերպով ոչնչացնել «Դաեշ»-ի առաջնորդներին եւ աջակցել ներսի ուժերին՝ «Դաեշ»-ի դեմ պայքարում»:
Քերրիի խոսքով, Միացյալ Նահանգները մտադիր է վերացնել «Դաեշ»-ը եւ օգնել վերակառուցել Իրաքը.
«Միացյալ Նահանգները համոզված է, որ Իրաքում եւ դաշինքում մեր ընկերների հետ միասին մենք ոչ միայն «Դաեշ»-ը պարտության կմատնենք, այլեւ կօգնենք այս երկրի մարդկանց վերակառուցել երկիրը եւ առաջ ընթանալ»:
VOAnews-ի փոխնացմամբ, Բաղդադում Քերրին հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրաքին տրամադրելու է եւս 155 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն: Ընդհանուր առմամբ, 2014-ից ի վեր Միացյալ Նահանգները Իրաքին ավելի քան 750 միլիոն դոլարի օգնություն է տրամադրել:
Քերրիի այցի նախօրեին Իրաքի ուժերը «Դաեշ»-ից հետ են գրավել Մոսուլ քաղաքը, որը ահաբեկիչների ձեռքն էր ընկել երկու տարի առաջ:
Այս նյութը դիտել են - 1233 անգամ