Կրթության ոլորտի ղեկավարներն սկսել են միջոցներ ձեռնարկել դպրոցներում սերնդափոխությունն արագացնելու համար, քանի որ ինչպես բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում սերունդների փոխհաջորդում տեղի չի ունենում, այնպես էլ դպրոցներում:
Մեր աղբյուրների փոխանցմամբ, Երեւանի մոտ 22 դպրոցներում ոլորտի պատասխանատուները տարեց փոխտնօրեններին, հիմնականում նախկին տնօրեններին, որոնք թոշակի տարիքը լրանալուց հետո զբաղեցրել են փոխտնօրենների աթոռը, վերջնագիր են ներկայացրել՝ կամ դիմում գրել եւ հրաժարվել փոխտնօրենի «պաշտոնից» եւ մնալ շարքային ուսուցչի կարգավիճակում, կամ հեռանալ «վաստակած հանգստի»:
Բնականաբար, երկար տարիներ պաշտոն զբաղեցրած անձինք մեծ դժվարությամբ են հրաժարվում փոխտնօրենի պաշտոնից, շատերն ուղղակի հրաժարվում են դիմում գրել։ Այդ դեպքում նրանց աշխատանքից ազատման ծանուցումներ են ուղարկվում։ Թեեւ սա օրենքի խախտում է, քանի որ փոխտնօրենի պաշտոնի համար տարիքային ցենզ չկա, եւ օրենքով այս պաշտոնը կարող է զբաղեցնել ցանկացած տարիքի անձ։
Մենք փորձեցինք այս իրավիճակում հայտնված մի քանի փոխտնօրենների հետ զրուցել, սակայն նրանք հրաժարվում են խոսել։ Սա այն չինովնիկական զանգվածն է, որը սովոր է տակից հարցեր լուծելու, բայց ոչ բարձրաձայն խոսելու, բողոքելու, առավել եւս՝ դատական կարգով, օրենքով սահմանված ճանապարհով պայքարելու։ «Ուրիշից ճշտեք, ես խոսելու, ասելու ոչինչ չունեմ»,- ասաց Չարենցի դպրոցի երկարամյա տնօրեն, վերջին տարիներին փոխտնօրեն աշխատող Աիդա Ղազարյանը: Ինչպես երեւում է, պրոցեսները «ցավոտ» են ընթանում:
Կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք, թե սա ինչ գործընթաց է։ Վերջինս տեղեկացրեց, որ ԿԳՆ գերակայության տակ գտնվող դպրոցներում դեռ նման պրոցեսներ չկան, այդ գործընթացն առայժմ ընթանում է քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում. «Արվում է սերնդափոխության համար, փաստորեն, այնպես է ստացվում, որ տնօրենի 65 տարին լրանում է, եւ անհավասար պայմաններ են ստեղծվում: Տնօրեններ կան, որոնք իրենց համար տեղ են անում, մնում են, իսկ տնօրեններ՝ որոնք ուղղակի դուրս են գալիս: Դրա համար իրենց էլ առաջարկվել է գնալ թոշակի, արդեն երկար ժամանակ է ստացվում»: Որոշ մարդկանց էլ առաջարկվում է մնալ դպրոցում ուսուցչի կարգավիճակո՞ւմ։ «Ես չգիտեմ այդ մասին: Բայց գիտեմ, որ նման առաջարկ է արվել՝ ուղղակի թոշակի գնալու:
Փորձում են այդ անհավասար պայմաններից դուրս գալ, եւ նոր տնօրենները՝ սերնդափոխված, աշխատեն իրենց նախաձեռնություններով, ուժերով: Իսկ թե ում ինչ են ասել, պետք է խոսեք երեւի քաղաքապետարանի հետ»: Տիկին Հովհաննիսյան, ճի՞շտ հասկացանք, որ առաջիկայում ԿԳՆ ենթակայության տակ գտնվող դպրոցներում էլ կսկսվի նույն պրոցեսը։ «Նման խնդիր դեռ չի դրվել, բայց պետք է դրվի:
Եթե ընդհանուր մոտեցում է ձեւավորվում, ու դա, ասենք, նորմալ չափանիշների մեջ է, այդ իմ ասած անհավասար պայմաններում են: Որոշ չափով նոր երիտասարդ տնօրենների մոտ որոշակի խախտումներ կան, որոշ դպրոցներում, երբ հին տնօրենները մնում են, դրա հետ կապված, կփորձենք մենք էլ, բայց հենց այս պահին ոչ մի բան չեմ կարող ասել: Պետք է ցուցակը ճշտենք, նայենք հասկանանք, թե ով է մնացել: Այդպես գիտենք, թե որ դպրոցում որ տնօրենն է մնացել, դաս է տալիս, գիտենք միայն տնօրենին, որին նշանակում ենք»: Այս ապօրինի գործընթացի պաշտոնական բացատրությունն այն է, որ նախկին տնօրենը խանգարում է գործող, նորանշանակ տնօրենին լիարժեք աշխատել։ Բայց եթե այդքան «համեստ», ավելի ճիշտ կլինի ասել՝ ազդեցության տակ ընկնող, ոչ ինքնուրույն տնօրեններ են, ապա հարց է ծագում՝ ինչո՞ւ եւ ինչպե՞ս են սրանք նշանակվել։ Վաղն էլ կարող է պարզվել, որ 10 տարուց ավելի ստաժ ունեցող ուսուցիչներն են խանգարում նոր տնօրեններին իրենց լավ զգալ, կամ ավագ դասարանների արական սեռի աշակերտները, ուրեմն ի՞նչ, պետք է օրենքի խախտումով այս «խոչընդոտները» վերացվեն, որ կասկածելի մրցույթների արդյունքում տնօրեն դարձած այս անձինք դժվարություններ չունենա՞ն։
Այս նյութը դիտել են - 1398 անգամ