Երբ քաղաք մտա, մութ էր, որքան հայացքս փնտրում էր վիրավորված քաղաքիս ավերակները, այնքան խավարը խանգարում էր, մշուշապատված հայացքս ոչինչ չտեսավ, առավել ևս երբ հատուկենտ երևացող լույսերն ասում էին, որ քաղաքում բնակիչներ կան, ուրեմն մարդկային շունչ կա, պետք չէ հուսահատվել:
Հնգհարկանի բազմաբնակարանոց շենքի առաջին հարկում եմ, լույսերը վառել եմ, շուրջս անչափ խաղաղ է, այսպիսի անդորրություն տարիների ընթացքում երբևէ չէի նկատել:
Կարևորը, որ քաղաքս հանգստանում է երկարատև հրետակոծությունից հետո, իսկ ես իմ բանալիով կարողացա բացել բնակարանիս դուռը...
Մտովի ողջունեցի իմ քաղաքին հարազատության զգացումով, ձեռքերով շոյեցի բնակարանիս պատերը...
Մենք այս օրերին մեռանք ու նորից հարություն առանք, դժվար է բացատրել ամեն ինչ....
Այս պահին թոռնիկս քնած է հանգիստ, դուստրս հեռուստացույցն է միացրել, այս օրերին մենք զրկված էինք դրանից: Լսում ենք անունները զոհվածների, խեղդվում ենք ցավից....
Այս պահին ուզում ենք նույնքան սարսափ ապրած իմ պատերի ներսում արտասվել` սրտանց արտասվել մեր ապրած օրերի, ունեցած կորուստների, բոլոր վիրավորների տառապանքների, այն բոլոր ապրումների համար, որ ունեցանք այս օրերին...
Նատաշա Պողոսյան
Արցախի վաստակավոր մանկավարժ,
Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցի
հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի