Նախօրեին ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի հայտարարությունն այն մասին, թե Ռուսաստանը կշարունակի Ադրբեջանին՝ որպես իր «ռազմավարական գործընկերոջ», զենք վաճառել՝ համաձայն պայմանագրերի, զայրույթի մեծ ալիք բարձրացրեց Հայաստանում: Այստեղ շատերն են համոզված, որ պայմանագրերը նաև նրա համար են, որ դրանք խախտվեն, եթե սեղանին ավելի բարձր ու կարևոր խաղադրույքներ են դրված: Ինչպես կասեր ռուս դասականը, «Торг здесь не уместен»:
Իսկ հիմա պարզվում է, որ եթե հայերի պահանջների մեջ բարձր է էմոցիոնալ ֆոնը, ապա ավելի սթափ ու սառը վիճակում գտնվող որոշ ռուս գործիչներ նույնպես այդ կարծիքին են: Օրինակ, քաղաքագետ և միջազգային հարցերով Ռուսական խորհրդի փորձագետ Սերգեյ Մարկեդոնովը պաշտպանում է այն տեսակետը, որ ապրիլյան «ռազմական տագնապից» անհրաժեշտ է դասեր քաղել, հանգիստ վերլուծել, թե ինչ է տեղի ունեցել, և ինչպես անել, որ ռուսական զենքը չկրակի ամենաանհարմար պահին: Զարմացած քաղաքագետն ի վերջո բացականչում է. «Ընկերներ, սա Կովկասն է: Սա ձեզ համար մայդանի ձախ հեղափոխականները չեն: Այստեղ երբեմն պետք է մտածել, իսկ երբեմն լռել: Ինչո՞ւ բարձրացնել հակառուսական տրամադրություններ և նվեր մատուցել նրանց կրողներին…»,- հարցնում է նա և կարևոր խորհուրդ է հղում Դմիտրի Օլեգովիչին. «Ավարտում եմ նրանով, ինչով սկսել եմ՝ երբեմն ավելի լավ է ծամել»:
Եթե Մարկեդոնովի խորհուրդը վարակիչ ուժ ունենար, ծամողների և լռողների թիվն անհամեմատ մեծ կլիներ: Իսկ եթե ծամողների գլխում նաև խելքը լիներ բավարար քանակությամբ, ապա նրանք նաև կհասկանային, որ ռազմական բիզնես-նախագծերի և ճակատային քարոզչության արձագանքները 25-ամյա հակամարտության գոտում չեն կարող նույն արդյունավետությունը ունենալ, ինչպես դրանք առկա են մայդաններում և դրանց հարակից տարածքներում: Ռոգոզինի համար Կովկասը չի կարող զենքի տոնավաճառ դառնալ: Այստեղ մարդիկ ավելի լուրջ են:
Այս նյութը դիտել են - 1300 անգամ