Տարիներ շարունակ բանակում տիրող ոչ կանոնադրային հարաբերությունները, որոնց արդյունքում զինծառայողներ էին խեղվում ու մահանում, արդարացնելու համար ՊՆ պատասխանատուները հայտարարում էին, թե տարբեր սոցիալական ու կրթական ցենզ ունեցող ընտանիքների ներկայացուցիչներ են հավաքվում բանակում, որոնցից ամեն մեկն իր ընտանեկան դաստիարակության կրողն է, եւ բանակը պատասխանատու չէ 18-20 տարեկան այս «խառնամբոխի» վարքի համար։
Ավելի պարզ ասած՝ հասկացնում էին, որ ձեր անկիրթ, անդաստիարակ երեխաներին ուղարկում եք բանակ ու զարմանում, որ բանակը բանտի է վերածվում՝ իր հոռի բարքերով ու հարաբերություններով։ Տեսնես այդպես բարբաջողները գոնե տեսա՞ն-հասկացա՞ն, թե այդ «անկիրթ ու վայրի» երեխաները, որոնք այս օրերին Արցախում հերոսական վարք ցուցադրեցին, իրականում ինչքան ազնիվ են, դաստիարակված, գաղափարապես հասուն։ Տեսա՞ն, թե ինչքան ազնվականություն կա նրանց մեջ, հայրենիքի նկատմամբ ինչքան սեր ու նվիրում։ Եվ ինչքան ավելի բարձր են այդ նույն բանակի գեներալիտետից ու համալսարաններ ավարտած ղեկավարներից, որոնք զբաղված են ալան-թալանով, իրենց պաշտոնին ու կարգավիճակին ոչ բնորոշ գործունեությամբ։ Տարիներ շարունակ մենք՝ մեծահասակներս, բողոքել ենք երիտասարդ սերնդից, թե չեն կարդում, չեն սովորում, ցոփ ու շվայտ կյանքով են ապրում, արժեքային համակարգ չունեն։
Գոնե հիմա հասկացա՞ն այդպես խոսողները, որ մեր երիտասարդները, պարզվեց, սերտել են կյանքի գլխավոր դասերը, ըմբռնել ամենակարեւոր արժեքները, որոնց մոտ ֆիզիկայի ու աշխարհագրության գիտելիքները զրո են։ Այն պատանին, որն ասում է՝ «11 ամիս ծառայել էի, բայց դեռ ոչ մի օգուտ չէի տվել, հազիվ մի բան արեցի հայրենիքիս համար», հազար ինստիտուտ ու ակադեմիա է ավարտել եւ մեծ հարգանքի է արժանի։
Նյութի հեղինակ՝ Արմինե Օհանյան Նյութի աղբյուրը ` hraparak.am
Այս նյութը դիտել են - 1457 անգամ