Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության արդյունքում, ապրիլի 2-ի գիշերը հակառակորդի կողմից սպանված ու գլխատված Քյարամ Սլոյանին անդրադարձել է նաև իտալական մամուլը: Իտալացի լրագրողուհին եղել է նրանց գյուղում, նրանց տանը, լուսանկարել ծանր պայմանները, որում ապրում է ընտանիքը, պատմել այդ ընտանիքի ու հերոս տղայի պատմությունը:
Ազգությամբ եզդի Քյարամ Սլոյանը փրկվելու տարբերակ է ունեցել, նա կարող էր փախչել, երբ դեռ իրեն այդքան էլ մոտ չէր հակառակորդը, բայց տեսնելով հրամանատարին ընկնելիս, փորձել է հասնել օգնության: Հենց այդ պահին են մի քանի հոգով նրան սպանել, այնուհետ գլխատել՝ իրենց հետ տանելով գլուխը:
Գլխատված երիտասարդ տղայի լուսանկարներով ողողված էր ադրբեջանական մամուլը, եղան նաև միջազգային ԶԼՄ-ների հրապարակումներ:
Իտալական մամուլի անդրադարձում Քյարամ Սլոյանի հայրը խնդրել էր վերադարձնել տղայի գլուխը, որպեսզի գոնե փոքր-ինչ հանգստանան իրենք: Երեկ հայտնի դարձավ, որ այն վերադարձրել են ու հուղարկավորել տղային:
Քյարամի հայրն ու հորեղբայրը, եղբայրները պատրաստվում են մեկնել Արցախ:
Այս նյութը դիտել են - 3053 անգամ