Զրոյացված վա՞րկ, թե՞ զրոյացված հեղինակություն
2016-04-10 04:28:00


Զրոյացված վա՞րկ, թե՞ զրոյացված հեղինակություն

Պետք է արժանին մատուցել բոլոր նրանց, ովքեր անկեղծորեն ցանկանում են ինչ-որ կերպ մասնակից լինել համընդհանուր գործին, իրենց լուման ունենալ պատերազմական իրավիճակում բարդ կացության առաջ հայտնված մարդկանց օգնության հարցում:

Եվ շատերը, հավանաբար, հենց այս տեսանկյունից էլ գնահատեցին «Հայբիզնեսբանկ»-ի տարածած հաղորդագրությունն այն մասին, որ որոշում է կայացվել ապրիլի 1-ից 7-ը ԼՂՀ-ում պատերազմական գործողությունների ընթացքում զոհված քաջարի ազատամարտիկների և նրանց ընտանիքների՝ բանկի նկատմամբ ստանձնած վարկային պարտավորությունները համարել առ ոչինչ:

«Հայբիզնեսբանկ»-ի նախաձեռնությանն անմիջապես արձագանքեց ՎՏԲ-Հայաստան բանկը: Սրանք էլ իրենց հերթին տեղեկացրեցին, որ որոշում են չեղյալ հայտարարել ճակատամարտում զոհված և անհետ կորածների վարկային պայմանագրերով նախատեսված պարտավորությունները:

Եվ, հավանաբար, երկու դեպքերն էլ պիտի խորը ակնածանքի ու բավարարվածության զգացողության հետքեր թողնեին, եթե օդում կախված չմնային մի քանի անպատասխան հարցեր: Ընդ որում, որքան կարող ենք հասկանալ, բանկերն իրենք էլ չեն ցանկանում պատասխանել այդ հարցերին:

Նախ, ո՞վ ասաց, որ այդ բանկերում մեր զոհված տղաները կամ նրանց ընտանիքները վարկային պարտավորություն են ունեցել: Ոչ ոք դեռ չի հրապարակել կոնկրետ անուններ, նույնիսկ մեկ զինվորի մասին խոսք անգամ չի եղել:

Սրանից բացի, կա վարկը զրոյացնելու ընթացակարգ: Դա ենթադրում է որոշակի քանակի ինֆորմացիայի, տեղեկանքների և փաստաթղթերի հավաքագրում: Նման բան նույնպես տեղի չի ունեցել:

Եվ եթե սրան էլ գումարենք այն, որ հիշյալ բանկերը մինչև այս պահը որևէ հաղորդում չեն հրապարակել այն մասին, թե ինչ ծավալի գումար է զեղչվել և քանի՞ զինվորականի վարկ է զրոյացվել, ապա ակամա այն տպավորությունն ենք ստանում, որ երկու բանկերն էլ ընդամենը գովազդեցին իրենց չափազանց տհաճ և անընդունելի միջոցներով՝ շահարկելով թե իրավիճակը, թե զոհերի անունները:

shame.am
Այս նյութը դիտել են - 1601 անգամ