Գագիկ Խաչատրյանը 200 միլիոն եվրոյով շոկոլադի գործարան է ձեռք բերել Ավստրիայում...
2016-04-10 23:35:00
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով, դեռևս ընթացիկ տարվա հունվար ամսին ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը 200 միլիոն եվրո ընդհանուր գումարով ձեռք է բերել Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում գտնվող շոկոլադի գործարանը: Ընդ որում, Գագիկ Խաչատրյանը երկու որդիներից մեկի անունով ձևակերպած գործարանը գնելու համար վճարել է 48 միլիոն եվրո, մնացյալ գումարը ֆինանսավորել է եվրոպական խոշոր բանկերից մեկը: 
Կանխիկ սույն վճարը կասկած է հարուցել Եվրամիության տնտեսական հանցագործությունների անվտանգության ծառայությունների մոտ, որոնք ընդամենը վերջերս են դիմել ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը՝ գումարների ծագումը ստուգելու հարցմամբ: Միայն հարցումը ստանալուց հետո է ՀՀ իշխանություններին հայտնի դարձել Գագիկ Խաչատրյանի ձեռք բերած սեփականության մասին:

Մեր աղբյուրը տեղեկացնում է, որ անցյալ ուրբաթ Բալիում ընտանիքի հետ հանգստանալուց հետո Գագիկ Խաչատրյանը հանդիպել է Սերժ Սարգսյանին և հրաժարականի դիմում գրել՝ հանգստի անցնելու հիմնավորմամբ: Սերժ Սարգսյանը Գագիկ Խաչատրյանին խորհուրդ է տվել սպասել՝ առայժմ չակնարկելով, որ տեղյակ է Գագիկ Խաչատրյանի՝ Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում ձեռք բերած շոկոլադի գործարանի մասին:

«Առաջին լրատվական»-ը կապվեց Ավստրիական Զալցբուրգ քաղաքում 1993 թ. հիմնադրված գործարանի հետ, որտեղ հաստատեցին, որ ամիսներ առաջ փոխվել է գործարանի սեփականատերը: Ի դեպ, հենց այս գործարանում է արտադրվում Հայաստանում առավել հայտնի «Մոցարտ» շոկոլադների շարքը:
Գագիկ Խաչատրյանը շուրջ 15 տարի Հայաստանում շոկոլադի խոշորագույն ներկրողներից մեկն է: Նա Հայաստան է ներկրում ուկրաինական «Ռոշեն» և այլ հայտնի ապրանքանիշերի քաղցրավենիք:
1in.am
Այս նյութը դիտել են - 2952 անգամ