Նախկին նախարար Արմեն Աշոտյանը դեմ է Եղիշե Չարենցին, հայ ժողովրդին ու առողջ տրամաբանությանը: Նա կարծում է, որ «Հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է» ասույթը սխալ է ու վտանգավոր: Սակայն նա նույն միտքն այնպես է ձևակերպում, որ կարծես թե նույնն է ասելու, բայց նույնը չի ասելու: Արձանագրելով, որ Ղարաբաղյան ճակատի վերջին իրադարձությունները և հայ հասարակությանն ամբողջությամբ չբավարարող միջազգային արձագանքը հանրային ընկալումներում առաջնագիծ են հանում «հույսներս միայն մեզ վրա պետք է դնենք» ասույթը, Աշոտյանն անմիջապես անցնում է այդ ասույթը հողին հավասարեցնելու գործին: Իսկ դրանից ավելի հեշտ բան չկա, եթե հիմնավորումը կառուցված է խորամանկման և փաստերը խեղաթյուրելու վրա:
Այսպես, Աշոտյանը կարծես թե դեմ չէ, որ մենք իրավացիորեն դժգոհ ենք Ռուսաստանից՝ Ադրբեջանին զենք վաճառելու և մեր միջև հավասարության նշան դնելու համար, ՀԱՊԿ-ից՝ ոչ հստակ դիրքորոշումների համար, Եվրասիական միությունից՝ Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնելու համար, Մինսկի խմբից՝ լղոզված հայտարարությունների և հստակության բացակայության համար, Իսրայելից և Ուկրաինայից՝ Ադրբեջանին ռազմատեխնիկական աջակցության համար, Եվրոպական միությունից՝ անդեմ և չեզոք կեցվածքի համար, ԵԽԽՎ-ից՝ իր ղեկավարի ադրբեջանամետ հայտարարությունների համար և այլն: Սակայն նա դեմ է այն կոչերին, համաձայն որոնց՝ Հայաստանը հերթով պետք է դուրս գա բոլոր այն միջազգային կառույցներից, որոնք այս պահին չեն կատարում իրենց բուն առաքելությունը մեր հանդեպ:
Նախկին նախարարն ակնհայտ բաներ է ասում, սակայն ջանում է քողարկել այն նպատակը, որի համար դրանք հնչեցնում է: Նա գրում է, թե աշխարհից նեղացած, «պաշարված ամրոցի» վերածվելու տնտեսաքաղաքական հեռանկարը, երկարաժամկետ առումով, բացի խաբուսիկ հուզահոգեբանական բավարարվածությունից ուրիշ ոչինչ մեզ տալ չի կարող: Սակայն ի՞նչ կապ ունի դա «հույսներս միայն մեզ վրա պետք է դնենք» թեզի հետ: Մի՞թե որևէ կառույցի անդամակցելը նշանակում է հույսն ուրիշի վրա դնել: Կարող ենք հարյուրավոր դաշինքների ու միջազգային կազմակերպությունների անդամ լինել, բայց դարձյալ ապավինել մեր միասնական ուժին: Սա ի՞նչ անհեթեթ զուգահեռ է, որով Աշոտյանը ժողովրդին փորձում է վերագրել մի վրիպում, ինչը ժողովուրդը չի գործել:
Այլ բան է, որ Արմեն Աշոտյանն ամեն ինչ չափում է սեփական արշինով: Հենց ինքն է, որ երբեք չի կարողացել ապավինել սեփական ուժերին ու մշտապես ապրել է ուրիշի ստվերի տակ, ուրիշների հրահանգով, ուրիշներին հաճոյանալու նպատակադրությամբ: Իսկ հիմա էլ ցանկանում է, որ երկիրն էլ իր նման լինի:
Այս երկիրը Աշոտյանին նմանվելու պատճառ չունի: Այստեղ սևին սև են ասելու, սպիտակին՝ սպիտակ և ստրկահաճ չեն լինելու այն աստիճան, որ քննադատությունը կոչեն մեկուսացում, արդար բողոքը՝ ծայրահեղություն, դաշնակցից հաշիվ պահանջելը՝ պայթյունավտանգ: Այս երկիրը Աշոտյանների երկիր չի լինելու: