Հայաստանը, ինչպես հայտնի է դարձել, բողոքի նոտա է հղել Իսրայելին Ադրբեջանին զենքի մատակարարման կապակցությամբ: Ընդ որում, Հայաստանը բողոքի նոտա չի հղել Ռուսաստանին նույն հարցով, չնայած որ Իսրայելը Հայաստանի դաշնակիցը չէ, իսկ Ռուսաստանը ռազմավարական դաշնակից է, կամ ինչպես Նալբանդյանը կասեր՝ «միակ դաշնակիցը»:
Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը խոստովանել է, որ Իսրայելը Հայաստանին էլ է առաջարկել նմանատիպ զենք գնել, սակայն Հայաստանը նպատակահարմար չի համարել միլիոններ վճարել այդպիսի սպառազինության համար:
Ընդ որում, ինչպես նշել է Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Ռուսաստանը Հայաստանին «ժամանակակից» զենք չի մատակարարել, ինչը նախատեսվում էր 2015 թ. ամռանը ստորագրված վարկային պայմանագրով:
Ինչու՞ Հայաստանի ԱԳՆ-ը բողոք է հղում Իսրայելին, սակայն նույնը չի անում Ռուսաստանի հարցով: Ու՞մ հրահանգներն է կատարում Էդվարդ Նալբանդյանը, այն պայմաններում, երբ նրա անմիջական ղեկավարները՝ Սերժ Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանը, բարձրացրել են ռուսական զենքի խնդիրը:
Հայաստանի արտաքին քաղաքականությունն աստիճանաբար դառնում է Հայաստանի ազգային անվտանգության գլխավոր մարտահրավերը: Եվ հառնում է գլխավոր հարցը՝ Էդվարդ Նալբանդյանն ու՞մ հետ է խորհրդակցում արտաքին քաղաքական հարցերով:
Ապրիլյան պատերազմի օրերին երբեմն տպավորություն էր ստեղծվում, որ որոշ ոլորտներ, մասնավորապես արտաքին քաղաքականությունն ու պաշտպանությունը մեկ կենտրոնից չեն ղեկավարվում եւ չեն համակարգում իրենց գործողությունները: Ավելին, կարծես թե դրանք Հայաստանից էլ չեն ղեկավարվում:
Այս նյութը դիտել են - 1391 անգամ