Հայաստանը Արժույթի միջազգային հիմնադրամից կրկին փող է խնդրում: Սա էլ տալիս է: Հայաստանի ֆինանսների նախարարը և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավարը վարկային համաձայնագիր են կնքել, ըստ որի Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկը Հայաստանին 52 միլիոն դոլար վարկ է տրամադրելու էլեկտրամատակարարման համակարգի բարելավման (ETNIP) համար: Միայն թե այս անգամ ԱՄՀ-ն դա անում է առանց բարեհոգի ժպիտների և, որ ամենակարևորն է, նախապայմաններով: Բանն այն է, որ վարկատուները շատ լուրջ դժգոհություն ունեն: Եվ խոսքը կրկին էներգակիրների ոլորտի մասին է:
Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը հիմա արդեն կարիք չունի թափանցիկ ակնարկների: Նա արդեն բաց տեքստերով է մեր երկրի իշխանություններին հայտնում իր անհամաձայնության մասին: Իսկ պահանջը մեկն է. պետությունը չպետք է մարի էներգահամակարգի պարտքերը: «Վերջին 2-3 տարիներին մենք նկատում ենք, որ էլեկտրաէներգիայի ոլորտում պարտքեր են կուտակվում: Այդ պարտքերը պետության ուսերին չդնելու համար Ֆինանսների նախարարությունը պետք է ուշադիր հետևի խոշոր ձեռնարկություններում այդ պարտքերի գոյացմանը»,- ասել է Հորթոնը: Նույնը վերաբերում է նաև գազի ոլորտում պարտքերի գոյացմանը:
Փաստացի Հորթոնի ասածը հետևյալն է՝ հերիք եղավ, ինչքան մեզնից փող վերցրեցիք ուրիշների կուտակած պարտքերը մարելու համար, այլապես մի գեղեցիկ օր միջազգային կառույցները պարզապես կհրաժարվեն Հայաստանի վարկավորումից: Սրա հետ մեկտեղ չի կարելի չնկատել նաև Հորթոնի նախազգուշացման երկրորդ շերտը: Ինչպես հայտնի է, պարտքեր կուտակողները ռուսական պետական կորպորացիաներն են՝ Գազպրոմ, ՌԱՕ Ինտեր: Իսկ Արևմուտքը հաստատ ցանկություն չունի իր միջոցներով վիրակապ դնել ռուսների բացած վերքերի վրա:
Ինչ վերաբերում է ասվածի երրորդ շերտին, դա նույնպես գաղտնիք չէ: ԱՄՀ-ում չեն կարող չիմանալ, որ հատկացված վարկերի առյուծի բաժինը փոշիացվում է կամ անհետանում սրա-նրա գրպանում: Այլապես որտեղի՞ց պիտի գոյանար այն 300 միլիոն դոլար պարտքը, որի մասին խոստովանեցին անցած տարի: Եվ հիմա, երբ նոր վարկի համար ասվում է, թե նախատեսված է ոլորտի բարելավման համար, այս խոստումը, ոչ միայն Մարկ Հորթոնի, այլև եփած հավի ծիծաղն էլ կշարժի: