Ձեր հավաքած մաշված շորերն ու հոտած կոշիկները ձեզ պահեք, մի՛ վիրավորեք մարդկանց...2016-04-12 01:41:00
Ուշադրություն Լոս Անջելեսում բնակվողներին...
Վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած մարտերի հետևանքով զոհված զինվորների, վիրավորների ընտանիքներին, Արցախին օգնելու համար Լոս Անջելեսում «բարեգործների» թիվը ավելացել է, կասեի՝ կրկնապատկվել:
Անձամբ ինձ դիմել են մի քանի հոգի՝ ասելով, թե գումար ենք հավաքում Արցախի համար: Մի քանիսից էլ լսեցի, որ ոմանք կազմակերպում են դրամահավաք՝ ատամի մածուկ, խոզանակ, սանր և այլն` զինվորների համար գնելու և ուղարկելու: Որոշներն էլ ՝ իրենց հեռուստատեսային ժամով են հեռուստամարաթոն նախաձեռնում:
Կո՛չ եմ անում, զգոն լինել, չհավատալ որևէ կազմակերպություն չունեցող անհատների կողմից կազմակերպված դրամահավաքներին:
Հիշեցնենք, որ վերջին օրերի ընթացքում Արցախի իշխանությունը խնդրանքով դիմեց համայն հայությանը՝ http://usarmenianews.com/am-n-2564.html որ ցանկացողները իրենց ֆինանսական աջակցությունները կարող են ուղարկել Արցախում բացված բանկային հաշվեհամարներին:
Մի բան պարզից էլ պարզ է, եթե կա ընդհանուր բանկային հաշվեհամար, էլ ինչո՞ւ գումարները փոխանցել այլ անհատների «միջնորդությամբ», հետո էլ նստել ու մտածել, թե տեղ հասավ այն, թե՝ ոչ:
Իհարկե, կան մարդիկ, ովքեր ցանկություն ունեն, բայց դժվարություններ ունեն իրենց ֆինանսական օգնությունը բանկային համակարգով փոխանցելու, կարող են դիմել Հայ Օգնության Միությանը (ՀՕՄ), որը նույնպես կազմակերպում է այս մեծ աշխատանքն, որի տեղն ու հասցեն Լոս Անջելեսում բնակվողները բոլորը գիտեն:
Ի դեպ, մի կազմակերպություն էլ, հեռուստատեսությամբ հայտարարում է, թե պահեստներ ենք վարձում,անգամ տարբեր քաղաքներում, և ասում` տվեք ձեր օգնությունները՝ մենք կուղարկենք:
Հրապարակավ ասում եմ ՝... ձեր հավաքած մաշված շորերն ու հոտած կոշիկները ձեզ պահեք, մի՛ վիրավորեք մարդկանց, ովքեր օգնության կարիքն ունեն, ու ձեզ էլ բարերարի տեղ մի դրեք՝ հետագայում ՀՀ ՊՆ-ից և Արցախի իշխանությունից մեդալ կորզելու նպատակով: Չթարմացնեմ ձեր նախկինում զինվորի համար հեռուստամարաթոն կազմակերպելու, հավաքված օգնությունները յուրացնելու պատմությունները:
Իսկական բարերարը իր գրպանից է այն տրամադրում, ոչ թե ուրիշի, ու հրապարակավ իրեն «բարերար» անվանում:
Վե՛րջ տվեք էդ խաղերին:
Գայանե Մանուկյան
Այս նյութը դիտել են - 2996 անգամ