Ամիսներ առաջ լրատվամիջոցներում հայտնվեց տեղեկատվություն, որ Ազատության պողոտայի հարևանությամբ գտնվող այգու տարածքում պարիսպ են կառուցում: Ըստ տարածված տեղեկատվության պարիսպը կառուցում է Հովիկ Աբրահամյանը, որպեսզի նույն տարածքում գտնվող իր տունը փակ լինի կողմնակի աչքի համար:
Այսօր Politik.am-ի տեսախցիկը ֆիկսեց, որ այն տարածքում որտեղ պարիսպ է կառուցվում իրականում երկու մեծ և շքեղ առանձնատուն է կառուցված: Առանձնատները շլացնող շքեղությամբ են կառուցված և ըստ անշարժ գույքի շուկայի մասնագետների յուրաքանչյուրը 10 մլն դոլար արժե:
Մեր նկարահանումների ընթացքում առանձնատների տարածքում մեծ թվով ոստիկանության աշխատակիցների հանդիպեցինք: Հասկանալի է, որ նման առանձնատներ սովորական քաղաքացիները չեն կարող կառուցել և ապացուցված է, որ նման շքեղության գնում են անձիք, ովքեր սնվում են պետական միջոցների հաշվին:
Մնում է պարզել, թե պետական պաշտոնյաներից ովքեր են այս առանձնատների սեփականատերերը: Կարծում ենք նաև հանրության ուշադրությունը պետք է այս խնդրի վրա լինի: Ի վերջո կարծում ենք ժամանակն է եկել, որպեսզի տրվեն բացատրություններ, թե ինչպես են պաշտոնապես պետական աշխատավարձով ապրող պաշտոնյաները շքեղ առանձնատներ կառուցում: