Իսկ որտե՞ղ է Ռուզաննա Խաչատրյանը...
2016-04-12 23:59:00

Ղարաբաղա-ադրբեջնական շփման գծում ռազմական գործողությունների պասիվացման հետ մեկտեղ «մեղմանում է» նաև այդ օրերի տագնապը և հարցեր են առաջ գալիս:

Այս օրերին արդեն սկսել են ակտիվ քննարկումներ ծավալվել, թե ո՞ւր են այն միջոցները, որոնք գոյանում են մարդկանց վճարած հարկերից և որոնք պետք է հայկական բանակաշինության մեջ ներդրվեին այս տարիներին:

Ոմանք դեռ զգուշորեն, բայց սկսել են անդրադառնալ ՊՆ ղեկավարությանը․ բանակի հրամանատարական կազմին, նրանց վերջին շրջանի վարքագծին։ Եւ բնականաբար հետաքրքրվում են նաեւ, թե որտեղ է պաշտպանության նախարարի տիկինը, ում այլեւս հնարավոր չէ տարանջատել պաշտպանության նախարարից եւ անգամ հայկական բանակից։  

Մարդիկ սկսել են հետաքրրքվել, թե ինչով է զբաղված ՊՆ ղեկավարությունը, գեներալիտետը, ինչքան ունեցվածք ունեն նրանք եւ նրանց ընտանիքները, որ այժմ ազգովին սկսել ենք գումար հանգանակել Արցախի եւ բանակի համար: Այս ֆոնին բնականաբար հիշվել է նաեւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի վերջին՝ զատկական ֆոտոսեսիան եւ նրա կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի գլամուր հարցազրույցները, թանկարժեք հագուկապը. «Ֆրանսիացի գործընկերներս ինձ տեսել են ամենանրբաշուք հագուստով ու արդուզարդով».-ասել է Ռուզաննա Խաչատրյանն իր հարցազրույցներից մեկում:

Ի դեպ, ֆոտոսեսիաների սիրահար Ռուզաննա Խաչատրյանն այս օրերին Ֆեյսբուքում ընդհատակ է անցել, թեպետ ոմանք վախով սպասում էին, որ նա հնարավոր է այս օրերին մի հատ էլ զինվորական կամուֆլյաժով ֆոտոսեսիա ներկայացնի հանրության դատին:

Նշենք, որ վերջինս «Զինվորական բժիշկների հասկական ասոցացիայի» առողջապահական ՀԿ-ի նախագահն է: Բանակի եւ նրա առողջության հետ կապված այս ՀԿ-ի կայքում վերջին նորությունը հրապարակվել էր այսօր, եւ գուշակեք, թե ինչի մասին՝ «Մեր կյանքի անբաժան ուղեկիցը` ՍԹՐԵՍ»:

Եթե անգամ ենթադրենք, որ տիկին Ռուզաննայի գարնանային սթրեսը պայմանավորված է արցախյան դեպքերով, ապա տարակուսանքի տեղիք է տալիս տիկնոջ վերաբերմունքը 70-ից ավելի զոհերին, բազում վիրավորներին, շփման գծում լարվածությանը: 

Ի դեպ, այսօր Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը նամակով դիմել է Պնախարարին` ի թիվս այլ հարցերի հետաքրքրվելով, թե ի՞նչ գործունեություն է այս օրերին ծավալում «Ռազմական բժիշկների ասոցիացիան», ինչո՞ւ չենք տեսնում նրանց գործը: Հավելենք նաեւ, որ երեկ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը այցելել է Արցախի հիվանդանոցներում գտնվող վիրավորներին, այնպես որ առաջին տիկին դառնալու հավակնություններ ունեցող Ռուզաննա Խաչատրյանը կարծես ուշանում է: 

Սիրան Հունանյան

Նյութի աղբյուրը ` hraparak.am

Այս նյութը դիտել են - 2435 անգամ