Ընդլայնված խորհրդակցություն`համատիրությունների նախագահների հետ...
2016-04-13 01:30:00

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Հրայր Անտոնյանն ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել մայրաքաղաքում սպասարկման մեծ տիրույթ ունեցող համատիրությունների նախագահների հետ: Խորհրդակցությանը մասնակցել են նաև քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության համապատասխան բաժինների, ինչպես նաև վարչական շրջանների կոմունալ բաժինների պետերը:

Փոխանցելով քաղաքապետ Տարոն Մարգարյանի խոսքը՝ Հրայր Անտոնյանը հատկանշել է, որ մայրաքաղաքի բնակֆոնդի պահպանումն ու հետագա շահագործումը քաղաքային իշխանությունների առաջնահերթությունների թվում է, որով պայմանավորված՝ տարեցտարի ավելանում են համատիրությունների կարիքների համար համայնքային բյուջեից տրամադրվող միջոցները: Սակայն օրինակելի համատիրությունների կողքին կան այնպիսիները, որոնց աշխատանքը գոհացուցիչ չէ նախևառաջ բնակիչների համար, ովքեր համատիրության աշխատանքի անմիջական գնահատողներն են:

Ըստ քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետի՝ բարեփոխումների համար նախևառաջ անհրաժեշտ է ավելի անմիջական դարձնել համատիրություն- բնակիչ կապը, հաճախակիացնել հանդիպումները բնակիչների հետ: Հաջորդ քայլը, ոլորտի ղեկավարի կարծիքով, մարդկանց մեջ հավատ սերմանելն է կատարված գործի նկատմամբ` պարբերաբար ներկայացնելով հաշվետվություններ և դրանք փակցնելով բոլորի համար տեսանելի վայրում: Անչափ կարևոր է նաև ծախսերի նպատակային կատարումը, որպեսզի արվածը նախ որակով լինի և հնարավորին երկար ծառայբակչին:  

 Հրայր Անտոնյանը տեղեկացրել է, որ շուտով հատուկ աշխատանքային խմբերը տեղերում կկանոնակարգեն ու կհետևեն բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների գործունեությանը`զուգահեռ վերացնելով հնարավոր բացթողումները: Հատկանշվել է, որ հնարավորին արագ է պետք օգնության ձեռք մեկնել բնակչին, այս կամ այն գործի կատարումը չհետաձգել`արագ արձագանքելով ինչպես համատիրությունների, այնպես էլ թեժ գծերի հեռախոսահամարներով բարձրացված խնդիրների լուծմանը: Համատիրությունների նախագահները բարձրացրել են իրենց մտահոգող մի շարք հարցեր, որոնց լուծման ուղղությամբ տեղում տրվել են հանձնարարականներ:

Հրայր Անտոնյանը  ևս մեկ անգամ նշել է, որ միայն սրտացավ վերաբերմունքով ու միահամուռ ուժերով հնարավոր կլինի ակնկալել այն արդյունքը, որին այսօր սպասում են երևանցիները: Միաժամանակ ընդգծվել է, որ որդեգրած այս քաղաքականությունից խուսափող համատիրությունների ղեկավարները, անբավարար աշխատանքով պայմանավորված, բնակիչների անվստահություն հայտնելու պարագայում ստիպված կլինեն զիջել իրենց տեղը գործի ավելի լավ կազմակերպիչներին: Ընդլայնված խորհրդակցության ավարտին Հրայր Անտոնյանը վստահեցրել է, որ անձնապես հետևելու է բոլոր համատիրությունների գործունեությանը ու բնակիչների կողմից նրանց տրված գնահատականին:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Այս նյութը դիտել են - 1838 անգամ