Ո՞ւմ մեղքով է ուշացվել զենքը...
2016-04-13 09:25:00


Ո՞ւմ մեղքով է ուշացվել զենքը

Երբ Հայաստան էր ժամանել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, մեր երկրի իշխանությունները դժգոհեցին, թե դանդաղում է Ռուսաստանի տրամադրած 200 մլն դոլարի վարկով զենքի ներկրման գործընթացը: Տպավորություն ստեղծվեց, որ մեղավորը ռուսական կողմն է, հենց նրանք են արհեստական խոչընդոտներ ստեղծել զենքի քանակությունը Հայաստանին հանձնելու հարցում:


Բայց ահա այսօր հրապարակվում են տեղեկություններ, որոնք միանգամայն այլ լույսի ներքո են պատկերում իրականությունը: Նախ, այսօր մեր կառավարությունը տեղեկացնում է, թե սկսել են քայլեր ձեռնարկել արագացնելու է զենքի ստացման գործընթացը:

Հետո պարզվում է, որ ապրիլի 15-ին կայանալիք կառավարության նիստում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կներկայացնի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրի դրույթներն իրականացնելու մասին որոշման նախագիծը: Սրանից զատ պիտի ֆինանսների նախարարին հանձնարարվի հսկողություն իրականացնել նշված համաձայնագրով հայկական կողմի ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ: Եվ, ի վերջո, պաշտպանության նախարարը դեռ նոր միայն պիտի հստակեցնի Հայաստանին մատակարարվող ժամանակակից սպառազինության և ռազմական տեխնիկայի անվանացանկը, ՌԴ համապատասխան մարմինների հետ քննարկի ու ստորագրի տրամադրվող վարկի շրջանակներում ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման պայմանագրերը, իսկ ամենավերջում ապրիլի 29-ին ՌԴ «Վնեշէկոնոմբանկ»-ի հետ իրականացնի աշխատանքներ վարկի հաշվառման ու հաշվարկների վարման տեխնիկական կարգի մասին համաձայնագիր կնքելու ուղղությամբ:


Ի՞նչ է ստացվում: Թվարկած բոլոր քայլերը Հայաստանը դեռ չի կատարել: Ուրեմն, էլ ինչո՞ւ ենք Ռուսաստանից դժգոհում, եթե մեր երկրի պատկան մարմինները թերացել են իրենց պարտականությունները ժամանակին կատարել, ընդ որում, գործողություններ, որոնք նաև որևէ կերպ պայմանավորված լինել չէին կարող ռուսների վերաբերմունքից:

shame.am

Այս նյութը դիտել են - 1355 անգամ