Լոս Անջելեսի հայկական համայնքը հուժկու բողոքի ցույց է անցկացրել ի պաշտպանություն Արցախի: Տասնյակ հազարավոր ցուցարարներ երթով շարժվել են դեպի այդ քաղաքում գտնվող ադրբեջանական հյուպատոսարանի շենքը: Եվ ստացվել է այնպես, որ հայերը փակել են Ամերիկայի մեծագույն քաղաքներից մեկի ամենաբանուկ պողոտաներից մեկը՝ Ուիլշեր պողոտան:
Ավելի քան մեկ ժամ շարունակ գրեթե կաթվածահար վիճակում էր ողջ քաղաքի երթևեկությունը: Ու մինչ հայ համայնքի ներկայացուցիչները վանկարկում և պահանջում էին միջազգային հանրությունից տեր կանգնել Ղարաբաղյան խնդրին, նրանց շարքերում այն մասնակիցները, ովքեր վերջերս էին ԱՄՆ մեկնել Հայաստանից, հանկարծ հիշել էին անցյալ տարվա հունիսին Երևանի Բաղրամյան պողոտայում ծավալված դեպքերը: Ու նրանք ակամա բացականչել էին. «Իսկ որտե՞ղ է Վովա Գասպարյանը»:
Այս կարոտակեզ զեղումը պատահական չէր: Բանն այն է, որ ամերիկացի ոստիկաններից ոչ մեկի մտքով չէր անցել բռնություն կիրառել, ջրցան մեքենաներ բերել, ձերբակալել ցուցարարներին: Նրանք երևի ծանոթ չէին ոստիկանության պատմության դասագրքերում տեղ գտած Բաղրամյանի օպերացիային՝ իբրև հասարակական կարգի պահպանման կլասիկ օրինակի:
Այո, իսկապես, տխուր ու ձանձրալի է ամերիկյան միջավայրը: Չկա ոստիկանապետ Վովա, չկա Օսիպյան, չկա Երանոսյան: Հավաքվածներին ոչ ոք չի ասում, որ մենք փոքր երկիր ենք ու անմիջապես պետք է սթափվել: Չկան ավանդական դարձած ծեծուջարդը, ձերբակալություններն ու սուտ մատնությամբ քրեական գործեր սարքելը: Մի խոսքով, ոչ մի ռոմանտիկա, ոչ մի էնտուզիազմ: Ընդամենը չորուցամաք օրինականություն: