Եթե թուրքը մեր թշնամին է,ապա գաղթը դարձավ մեր իրական սարսափը:2016-04-13 12:17:00
Ներսումս մտքի և ցգացմունքների փոթորիկ է,մեջս ափեափ ասելիք կա.գիտեմ,որ ամեն ինչ արդեն ասված է,որ յուրաքանչյուր խոսք կդառնա կրկնություն,գիտեմ,բայց ասելու եմ:
Հեռավոր 9Օ-ականներին իմ սերունդն էր 18-2Օ տարեկան:
ՈՒնեինք անծայրածիր հայրենիք ու ապրում էինք անգիտությամբ բախտավոր:Մի օր փլուզվեց այդ միֆ- հայրենիքը, և վեր հառնեց իրականությունը: Ես հայ եմ, բնօրրանս փոքրիկ Հայաստանն է,որի Արցախ աշխարհին ուզում էր տիրանալ նստակեցության ու քաղաքակրթության ճամփան բռնած քոչվոր ելուզակը:
ԵՎ խլրտաց,անհանգստացավ գենը,փոթորկվեց արյունը,բռունցքվեց ազգը,կար և նշանաբանը՝մեր անունն է Պայքար, և վախճանը՝Հաղթանակ:
Հավատարիմ մնացինք մեր նշանաբանին,հաղթեցինք՝պայքարելով:
Քաղաքամայր Երևանում ավելացավ ևս մեկ պանթեոն՝Եռաբլուը,որն էլ դարձավ համայն հայության դարավոր երազանք նորանկախ Հայաստանի սկիզբը:
Հետո պատերազմի հետքեր,դժվարություններ,շրջափակումներ,որոնք գուցե և տանելի լինեին,եթե չլիներ սեփական պետության կեղեքումը:
Երեկվա անվեհեր,ոգևորված,թշնամուն հաղթած հայորդին դարձավ ընտանիք պահել չկարողացող հայր ու ամուսին:ԵՎ կապվեցին ճամպրուկները,գաղթն ու գաղթականությունն նորից այցելեցին հայոց աշխարհ...
Եթե թուրքը մեր թշնամին է,ապա գաղթը դարձավ մեր իրական սարսափը:
Հիշում եմ՝խնջույքի սեղանին կռված տղաներից մեկը դեպքեր էր պատմում,պատմում էր կարոտով ու հպարտությամբ.հանկարծ հարց հնչեց.«Ինչու՞եք լքել ձեր երկիրը,եթե այդքան սիրում ու այդպես պաշտպանել եք»: Դեպքը օտար երկրում էր, հարց տվողը՝օտարերկրացի:
Մինչև հիմա աչքիս առաջ է տղամարդու՝ժպիտը սառած,պատասխան չունեցող դեմքը:
Ո՞վ ենք մենք օտարի աչքին՝մանրածախ առևտրակա՞ն, արծաթասեր Հուդա՞,թե՞«որտեղ հաց,այնտեղ կաց»սկզբունքի հետևորդ:
Հոգումս տագնապ կար,սրտումս՝վախ.թշնամին չի հանգստանում,զինվում է մինչև ատամները,վաղ թե ուշ ամեն ինչ նորից է սկսվելու,արդյոք նորից կարթնանա՞ մեր հերոսական ոգին,թե՞դարձել ենք պարտադրված չարչիության զոհը:
Դեպքերը սպասեցնել չտվեցին.ապրիլի մեկին կայծակի պես պայթեց չարագուշակ լուրը՝թշնամին նախահարձակ է եղել.արյունը սառեց երակներումս.ի՞նչ է լինելու.ողջ աշխարհն ահաբեկած իսլամիստների ու ժամանակակից տեխնիկայով զինված մարդակեր ասկյարների դեմ մեր մատղաշ տղաներն են,մեր արծիվները,որոնք ընդունել և հետ են շպրտել ոսոխին,իմացա,որ կամավորների մեծաթիվ խմբեր են կազմվել,որ արթնացել է հայրենիքը պաշտպանելու խանդավառությունը:
Շունչս պահած հետևում եմ հայաստանյան նորոթյուններին,որոնց էջերում էլ կարդում եմ քրոջս որդու նամակը՝Տեր-Թադևոսյանին. տասնվեցամյա հայ պատանին՝իմ Էդմոնը,դիմում է հայոց գեներալին,խնդրում՝իրեն առաջնագիծ տանել:Այդ պահին զգացածս արտահայտել չեմ կարող,բայց աչքերս նայեցին երկնքին.
-Փա՜ռք քեզ,Ամենակարող՛...
Այս անգամ էլ ոսոխը հետ շպրտվեց.հայրենիքը արյան գնով պաշտպանել արտահայտությունը մեր պարագայում պետք է հասկանալ բառացի.այո՛,արյան գնով:
Մեր քաջ ու ազնիվ տղանե՛ր, մեր թանկ,մեր ազնվարյուն զավակն՛եր, խոնարհվում ենք ձեր հիշատակի առջև,դուք անմահացաք,որ մենք՝ձեր մահկանացու հայրենակցներս,պահենք ու գնահատենք ձեր արածը,իսկ գնահատել նշանակում է արժանապատիվ կյանք ապահովել նրանց ընտանիքների,ողջ ժողովրդի համար,նշանակում է չլքել նրանց շիրիմները,չդառնալ ավելացող պանթեոնների ու կարոտախտով տառապող ծերերի երկիր:
Չեմ հավատացել ու չեմ հավատալու այն մտքին,թե երկիրը աղքատ է,փակ է,մեր ապրելակերպն էլ ավելին չի կարող լինել:ՈՒրիշների աչքին դրախտ երևացող,մեր անուշահամ բարիքներով բոլորին հիացնող երկիրը չի՞ կարող պահել մի բուռ ժողովուրդ, իհարկե կարող է,բայց մի բռի փոխարեն ուտում է մեկ տասնյակը:
Այսքանից հետո ասես խղճի խայթ զգացի՞ն ժողովրդի բաժինը լափողները,հասկացա՞ն, որ այսպիսի կյանքի չէր արժանի մեր ազգը.արդյոք զղջու՞մ են,մի բան փոխվե՞լ է անկուշտ սրտերում:
Աղքատ երկրի մեծահարուստ ղեկավարնե՛ր,աշխարհակալ Մակեդոնացուն գերեզման էին տանում ձեռքերը բաց,դատարկ,դուք էլ եք այդպես գնալու և դեռ պատասխան էլ ունեք տալու:Իսկ ես հավատում եմ,որ գաղթը փոխվելու է հայրենադարձության,և գալու ենք մեր երկրում՝Արարատի փեշերին կերտելու մեր պատմությունը:
Երանուհի Մարտիրոսյան
Այս նյութը դիտել են - 2138 անգամ