Պահանջում են հետ կանչել Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանին...2016-04-13 22:32:00
Ֆեյսբուքյան տիրույթում հատուկ էջ է բացվել, որի հետևորդները պահանջում են հետ կանչել Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանին: «Այս էջի նպատակն է հասնել Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանի հետկանչին, քառօրյա պատերազմի ընթացքում դրսեւորած հանցավոր անգործության համար»,-նշված է էջում:
Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Գեորգի Գաբաշվիլին, որը ներկայացնում է Միխեիլ Սահակաշվիլու հիմնադրած «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը, ապրիլի 8-ին հակահայ հայտարարությամբ էր հանդես եկել:« Մենք աջակցում ենք լարվածության թուլացմանն ու հակամարտության վերջնական խաղաղ կարգավորմանը: Հիմնական հարցն այն է, որ հակամարտության կարգավորումը պետք է հիմնված լինի տարածքային ամբողջականության հիմնարար սկզբունքի (այս դեպքում՝ Ադրբեջանի) ապահովմամբ… »,-ասել էր պատգամավորը:
Այս հայտարարությանն արձագանքել են հայաստանյան կողմից, սակայն դրան հակակշիռ պաշտոնական դիրքորոշում այդպես էլ չի հայտնվել: Նմանատիպ այլ հայտարարություններ էլ են հնչել Վրաստանում, սակայն դիվանագիտական կորպուսը Վրաստանում քար լռություն է պահպանում:
Եվ, ընդհանրապես, սփյուռքն այս օրերին փորձում է կազմակերպվել, ամենամոտ սփյուռքը՝ հարևան Վրաստանում, անտեր է մնացել:
Յուրի Վարդանյանի՝ 2014թ. հունիսի 24-ին դեսպան նշանակվելուց հետո գործունեությունը սահմանափակվում է ուղերձներ հղելով: Վրաստանում ՀՀ դեսպանության կայքից պարզ է դառնում, որ դեսպանն այս տարի մեկ օր է աշխատել, և նրա առաջին և վերջին աշխատանքային օրը եղել է հունվարի 27-ը, երբ Թբիլիսիում նշվել է ՀՀ ԶՈւ կազմավորման 24-րդ տարեդարձը:
Ընդհանրապես, դեսպան Վարդանյանի ներկայությունը Վրաստանում սահմանափակվում է տոնական միջոցառումների մասնակցությամբ: Բայց, պարզվում է, համայնքի համար կարևոր միջոցառումներին նրան նույնիսկ դռնից ներս չեն թողնում:
slaq.am
Այս նյութը դիտել են - 2450 անգամ