Ընդամենը երկու շաբաթում մի ամբողջ ազգ ռազմագետ դարձավ: Տագնապալի ու ողբերգական լուրերի անվերջանալի հոսքը յուրացնելուն զուգընթաց ձևավորվեց ստրատեգների ու մարտարվեստի գիտակների մի ահռելի հանրություն, որոնք հիմա խորհուրդներ են տալիս, սխալներն են մատնանշում, ճակատամարտեր են ծրագրում:
Բայց այս տարերային ռազմականացման ֆոնին դեռ կարելի է առանձնացնել նրանց, ովքեր իրենց կարծում են դեպի կռիվ առաջնորդող հրամանատարական դիտակետի մշտական բնակիչներ, և դրանց թվում հատուկ տեղ է զբաղեցնում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:
Նա մի քանի օր առաջ կամավորական ջոկատներ առաջնորդեց Արցախ, մարդկանց թողեց այնտեղ, իսկ ինքը ետ վերադարձավ, որպեսզի հայրենի Սյունիքի թերթերին ընդարձակ հարցազրույց տա ու ժողովրդին պատմի այն մասին, թե ինչպիսի քաջ ու աննկուն զորավար է Լիսկան: Եվ հետո հրաշալի հնարավորություն է ստեղծվել իր անսպառ գիտելիքները ցուցադրելու անտեղյակ ժողովրդին: Ինչո՞ւ այդ մասին էլ չասի:
Օրինակ, լրագրողը նրան հարցնում է այն մասին, թե ինչո՞ւ էին մարդկային կորուստներն այդքան շատ: Եվ ահա թե ինչ է պատասխանում Սուրիկ Խաչատրյանը. «Համոզված եմ, որ մարտական գործողությունների ժամանակ այդքան կորուստ չէինք տա, բայց հակառակորդն օգտագործեց անօդաչու թռչող սարքեր, ինչը նորություն էր հայ-ադրբեջանական հակամարտության ողջ ընթացքում: Դրա «հակաթույնը» տղաները չունեին, անտեղի զոհեր ունեցանք. սա է տխրեցնողը: Կարող եմ ասել, որ զոհվածների հարազատները ևս այն գիտակցումն ունեն, որ այսօրվա պատերազմը տարբերվում է 1990-ականների պատերազմից. նկատի ունեմ Ադրբեջանի՝ նորագույն ռազմական տեխնիկայով զինված լինելը: Բոլոր առումներով նոր իրավիճակ էր ռազմադաշտում»:
Մարզպետն այլ բան չի հավելում, քանի որ թեմայի շարունակությունն իր համար հղի է անկանխատեսելի հետևանքներով: Նախ նրան կարող են հիշեցնել, որ թշնամու զինանոցում անօդաչու սարքերի գոյության մասին վաղուց էր հայտնի, հետո անպայման կհարցնեն, թե ինչո՞ւ մենք չունենք իր ասած «հակաթույնը» և այս դեպքում Լիսկան ստիպված կլինի պատասխանել, որ երկիրը նորագույն զենքեր ձեռք բերելու համար բավարար միջոցներ չունի: Եվ եթե դա ասի, ապա կհաջորդի մյուս հարցը. «Իսկ ինչո՞ւ չունի»: Ու հենց այստեղ մեր զորավարը կհայտնվի անհարմար վիճակում, քանի որ այդ միջոցները փոշիացվել ու կողոպտվել են և այդ «ճակատի» հերոսներից մեկն էլ ինքն է: Կստացվի այն, ինչը պիտի ստացվի: Մեր տղաները հակաթույն չունեն ու չեն ունենա այնքան ժամանակ, քանի դեռ չի գտնվել մեկ այլ հակաթույն Լիսկաների ու նրա նմանների դեմ:
Այս նյութը դիտել են - 1408 անգամ